Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի խորհրդական, պ.գ.թ. Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Միմյանց հաջորդող հայաստանյան քաղաքական «էլիտաներից», սկսած 1992-ից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, պահանջվում էր մեկ հստակ բան՝ կոտրել ադրբեջանական կեղծ նարատիվը «7 շրջանների մասին», ի սկզբանե առաջ տանելով այն թեզը, որ ադրեջանա-թուրք բոլշևիկների գծած ԼՂԻՄ քարտեզը կապ չունի իրական հայաբնակ Արցախի հետ ու որ այդ ԽՍՀ Ադրբեջանի «7 շրջանները» վերացան Բաքվի սանձազերծած առաջին ագրեսիայի և «Խորհրդային Ադրբեջան»՝ ըստ էության ՍՍՀ ադմինիստրատիվ սուբյեկտի հետ միասին։
Արդյունքում, այդ 7 շրջանների ադրբեջանական նարատիվը հաղթեց։ Ադրբեջանական բոլոր կեղծ նարատիվներն ըստ էության հաղթեցին ու չի բացառվում, որ կշարունակեն դեռ էլի հաղթել` հատկապես այն, որ «հայը քոչոր, եկվոր է, որ որևէ պատմամշակութային արժեք ու հետք չունի ո՛չ «Գարաբագում» ու ո՛չ էլ «Արևմտյան Ադրբեջանում»։ Այն կեղծ նարատիվները, որոնք ուղղված են մեր ազգային ինքնության դեմ։
Ադրբեջանական կեղծ նարատիվները հաղթեցին այն պարզ պատճառով, որ միմյանց հաջորդող հայ քաղաքական վերնախավերը այդպես էլ որևէ կոլեկտիվ կոնցեպտուալ միտք չգեներացրեցին, որևէ տեսլական չստեղծեցին ու չսարքեցին հանրային քննարկման առարկա։ Խոսեցիք հաղթանակից, բայց չհավատացիք հաղթանակին։ Այն, ինչ մերն էր փաստացի, մեր ձեռքում, ասացիք` մերը չէ։ Չխրախուսեցիք ձգտումն ի լույս, ի գիտություն, ի պետականություն։
Մնացին անպտուղ ու կոլեկտիվ առումով «անմիտ», մնալով «թույլ, անճար պետության» մենթալիտետային պարադիգմայի մեջ։ Դրա համար էլ համարյա 30 տարվա մեջ, բացի «տալուց», ոչինչ էլ մտքներով չանցավ։ Մեր ունիկալ դիրքն ու ռազմավարական առավելությունը տարածաշրջանում չհասկացաք։ Համարեցիք այն բեռ և ոչ մեծ հնարավորություն ու գերակա դերակատարություն պրոյեկտելու առավելություն։ Չձգտեցիք դառնալ ազդեցիկ խաղացող, մտքի գերլարում ու ամենօրյա աշխատանք իրականացնելով, արձանագրելու Հայաստանը այն յուրահատուկ փոքր պետությունների շարքում, որն իր համակարգային խոցելիությունը, աշխարհագրական ոչ բարենպաստ դիրքն ու սպառնալիքի պոտենցիալ աղբյուրը վերածել առավելության և պետության ուժի աղբյուրի։ Չէ, դուք գերադասեցիք «տալ» և չվերաբերվել տիրոջ պես այն ամենին, ինչ ձերն էր 1994-ից։ Ամենուրեք դրեցիք ցածր, «յոլա տանելու» նշաձողեր և որևէ բնագավառում ոչ թե անհնարինը, այլ առավելագույնը չարեցիք։
Դրա համար էլ այսօր ականատես ենք դարձել մի ամոթալի դիսկուրսի, թե ով ավելի լավ փաթեթավորած կհանձներ «7 շրջանները»։
Այնինչ՝ Արցախը՝ իր Ջրականով, Կովսականով, Ակնայով, Հադրութով, Շահումյանով, Բերձորով և այլն, սոսկ հուզական հայրենիք կամ պատմական Հայաստան չէր։ Սոսկ տարածք չէր։ Արցախը ռացիոնալ հաշվարկների մակարդակում Հայաստանին աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ կշիռ, ազդեցություն ու տարածաշրջանային դերակատար դարձնող միակ գործոնն էր։ Հայաստան պետության գոյության իմաստաբանական հիմքն ու միակ գաղափարը։
30 տարի ոչ մի կոնցեպտուալություն, ոչ մի ռազմավարական միջնաժամկետ ու երկարաժամկետ տեսլական։ Բայց միշտ «ոչալտերնատիվության» քարոզ։ Ոչ դաշնակցի հետ եք մեզ պահել որպես դաշնակից, ոչ թշնամու հետ՝ որպես թշնամի։ Փոխանակ լինեք ռեալիստ, դարձաք ֆատալիստ։
Այդ ամեն ինչի վերջը այ հենց այս էր։ Իրավիճակ, ու ներկաները շարունակում են այն խորացնել, որ նույնիսկ ապագայում շտկելու հնաևավորության պատուհան չունենանք։ Երկրների հիերարխիայի մեջ մնանք պերմանենտ ստորին կարգավիճակի միկրոպետության (micro-state) մի տարածաշրջանում, որտեղ գնացել, գնում ու գնալու է ուժային խաղ և հակամարտային միջավայրի դինամիկա։ Մնանք կլիենտ` միայն սպասարկող այլ երկրի` այս դեպքում նաև Ադրբեջանի տարածաշրջանային խաղն ու շահը։
Սա ամոթ կամ խայտառակություն չէ։ Երևի մեկ այլ, առավել ընդգրկուն խոսք է պետք հորինել ազգային քաղաքական վերնախավերի մտքի այս ռազմավարական անկումն ու մթագնումը բնութագրելու համար։
Մաքս Վեբերն էլ ձեզ «բարևներ» է ուղարկում` հիշեցնելով, որ «The successful political action is always 'the art of possible'. Nevertheless, the possible is often reached only by striving to attain the impossible that lies beyond it»․
The Meaning of Ethical Neutrality in Sociology and Economics. 1949.
Եվ այդպես էլ չընկալվեց, որ աշխարհաքաղաքական հաշվարկների տեսանկյունից Երևանն անիմաստ է առանց Հորադիզի։ Լոռին անիմաստ է առանց Քարվաճառի ու Հադրութի շրջանների և այլն»։