կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 20:15
Աշխարհ

Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա. Գանտահարյանը՝ Սիրիայի դեպքերի մասին․ «Արմենպրես»

Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա. Գանտահարյանը՝ Սիրիայի դեպքերի մասին․ «Արմենպրես»

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի կարծիքով՝ թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա, և միջազգային ընտանիքը կսկսի սուր հնչեղություն տալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքին։ Գանտահարյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին:

«Հյուսիսային Սիրիայում որոշակի տարածքներ քրդաթափվում են, դրանց փոխարեն տեղակայվում են սիրիական զորքեր,ինչով բացատրվում է նաև Մոսկվայի լուռ համաձայնությունը այս գործողություններին։ Չեմ կարծում, որ Անկարային կհաջողվի իր առաջադրած անվտանգության գոտին ստեղծել։ Բանաձևն այն է այս բոլորի, որ Անկարան կստանա քրդազերծված սահմանային որոշակի գոտի, իսկ Մոսկվան կստանա այդ տարածքներում սիրիական կառավարական բանակի վերահսկողություն։ Ճիշտ է, որ հերթական անգամ շահարկվում է քրդական գործոնը։ Չի բացառվում, սակայն, որ այլ առիթի քրդական ազդակը վերստանա իր ռազմական դերակատարությունը տարածաշրջանում։ Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա և միջազգային ընտանիքը կսկսի սուր հնչեղություն տալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքին»,-ասաց Գանտահարյանը:

Նա Թուրքիայի ներխուժման գործողությունները մեկնաբանելիս  կարևոր համարեց մտաբերել քաղաքական հարթության վրա երկու կարևոր իրադրություն. «Նախ մի ամիս առաջ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Լավրովի հայտարարությունը՝ թե Սիրիայի պատերազմն ավարտել է։ Երկրորդը՝ ներխուժման նախօրեին Սիրիայի կառավարությունը կազմեց նոր Սահմանադրության վերամշակման հանձնաժողովը, որի նախնական խորհրդակցություններին մասնակցում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Ուզում եմ ասել, որ քաղաքական առումով նոր շրջափուլ էր նախանշվում Սիրիայի համար։ Անկարայի ներխուժումը տեղի ունեցավ ամերիկյան կանաչ լույսի և ռուսական լռության արանքում»,-նշեց նա:

Գանտահարյանը նկատեց, որ ներխուժումից հետո ԵՄ-ի անդամ երկրները սկսեցին խոսել Թուրքիային սպառազինություն չտրամադրելու մասին, հնչեցին կոչեր՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, ԱՄՆ-ը մի կողմից կանաչ լույս վառեց, մյուս կողմից մեկնարկեց գործընթաց պատժամիջոցների խստացման։ Սակայն նա նկատեց, որ այդ բոլորի արդյունքն այն է, որ հյուսիսային Սիրիայում որոշակի տարածքներ քրդաթափվում են: