Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը տարածարջանային գործընթացների միտումները ընկալելու առումով որոշ ուղենիշեր է պարփակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
«Այս առումով դիտարժան է Թուրքիայի արտգործնախարարի գնահատականը այս հանդիպմանը: Նա ասել է, որ հանդիպման ընթացքում իր գործընկերոջ հետ վերահաստատել է ահաբեկչության բոլոր տեսակների, նախ և առաջ ՔԱԿ-ի դեմ պայքարելու եւ Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու իրենց փոխադարձ հասկացողությունը: Ըստ էության Չավուշօղլուն բանաձևել է Անկարա-Թեհրան-Մոսկվա առանցքի հիմնավորման մի կարևոր մասը։ Խոսելով քրդական վտանգի դեմ նա ընդգծում է այդ վտանգի ընդհանրությունը հարաբերակցաբար Իրանի։ Իրանը ևս զգայուն է իր տարածքում ապրող քրդերի միավորման և ռազմական միավորի ստեղծման հավանականության ուղղությամբ»,- նշեց Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքային ամբողջականության բաժնի ուղերձը ներառում է նաեւ Մոսկվային, որը հիմնական երաշխավորն է այդ ամբողջականության։ «Սիրիայի նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն և կանխատեսումները ուղղված են գործող նախագահի վերընտրությանը։ Դա նշանակում է Մոսկվայի երաշխավորության հոգատարության վերահաստատում։ Անկարան արդեն վաղուց չի խոսում Ասադի հեռացման մասին։ Ասադի պաշտոնավարման շարունակմանը համաձայն է նաև Թեհրանը։ Սիրիայի ահաբեկիչներ հասկացությունը այստեղ միակողմանի իմաստ ունի։ Ահաբեկիչներ ասելով Անկարայի ներկայացուցիչը բացառապես նկատի է ունեցել քրդերին։Իր գործընկեր Զարիֆը իր հրապարակային գնահատականում չի բացել ահաբեկիչ հասկացության փակագիծը։ Իրանը շատ ավելի զգայուն լինելու պատճառներ ունի իսլամական ծայրահեղականների նկատմամբ, ովքեր շիա մուսուլմաններին նկատում են անհավատներ։ Հիմա դրա մասին չի բարձրաձայնում, ինչը վկայում է Անկարայի հետ ընդհանուր շահերի գերադասումն ու այլ առաջնահերթությունների ընդգծումը»,- ասաց Շահան Գանտահարյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում