կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 19:53
Հասարակություն

Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի են հիմնավորում զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի են հիմնավորում զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում: 

ՀՀ ԱԳՆ-ն իր խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:

«Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈւ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:

Դատապարտելով ՀՀ ԶՈւ զինծառայողի սպանությունը՝  հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: