Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրուցեցին սահմանադրական փոփոխությունների մասին:
Արամ Սարգսյանը նշեց, թե այսօրվա ընտրողը տեղյակ չէ սահմանադրական փոփոխությունների բովանդակությունից:
Նրա այդ մտահոգությանն անդրադարձավ Արծվիկ Մինասյանը: Նա համաձայնեց, որ հանրային քննարկումները բավարար չեն եղել, սակայն դա միայն նախաձեռնողի խնդիրը չէր, այլ նաև քաղաքական ուժերի և հասարակական ակտիվ գործիչների, ովքեր կարևորում են Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք:
«Ինձ թվում էր, թե Դեմոկրատական կուսակցությունն առաջինը պետք է ողջունի այս սահմանադրական փոփոխությունները, որովհետև սոցիալական պետություն հասկացությունը և սոցիալ-դեմոկրատական արժեքները կրող քաղաքական ուժի համար տնտեսական կարգը շուկայական տնտեսությունն է՝ հիմված սոցիալական արդարության և պետության կարգավորիչ-կազմակերպիչ դերակատարության վրա, և փաստորեն, սոցիալ-դեմոկրատական արժեքի հիմքը ուղղակիորեն է ամրագրված»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ է, որ ընդերքը և ջրային ռեսուրսները ճանաչվում են որպես պետության բացառիկ սեփականություն:
Ըստ նրա՝ մարդու իրավունքների մասով նույնպես հսկայական փոփոխություն է տեղի ունեցել, և, ի տարբերություն գործող Սահմանադրության, կիրառելի մեխանիզմներ են ապահովվում սոցիալական իրավունքների մասով: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս փոքր ուժերին ոչ միայն առաջ մղելու իրենց մոտեցումները, այլև միավորվելու միմյանց հետ և ձեռք բերելու իրական հնարավորություն իշխանությանը հեռացնելու, մինչդեռ՝ այսօրվա համակարգով արդեն 25 տարի իշխանափոխություն չի հաջողվում:
«25 տարի է` անընդհատ ոտքերս դնում ենք փոցխին, որը տալիս է ճակատներիս, շշկռված գնում ենք տուն, հետո գալիս են մյուս ընտրությունները, հույս ենք տալիս ժողովրդին, բայց արդյունքում` ոչ մի փոփոխություն: Այդ տեսակետից սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ հնարավորություններ են տալիս քաղաքական ընդդիմությանը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այսօրվա քաղաքական ընդդիմությունը հանդես կարող է գալ հիմնավորված կամ չհիմնավորված քննադատություններով, բայց, չունենալով լծակ՝ այդ քննադատությունը կյանքի կոչելու, կանգնում է կոտրած տաշտակի առաջ: