կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-08 10:58
Հասարակություն

Ատելության մշակույթի հետևանքը. «Առավոտ»

Ատելության մշակույթի հետևանքը. «Առավոտ»

«Շաբաթ օրը «Հայելի» ակումբի մուտքի մոտ կատարվածը իշխանության կողմնակիցների մի մասը հրաժարվում է բնութագրել իբրև «հարձակում»:

Ըստ նրանց՝ լրատվամիջոցի մուտքը պաշարելը, ձվեր շպրտելը և լրատվամիջոցի փակումը պահանջելը հարձակում չէ՝ դա հայրենասեր երիտասարդների ակցիա է: Ըստ իս՝ հարձակումը պարտադիր չէ, որ պետք է ենթադրի մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելը կամ գույք փչացնելը, հարձակումը կարող է լինել նաև, ասենք, խոսքի մակարդակով: Բայց ճշգրիտ իրավական ձևակերպումները թողնենք իրավաբաններին:

Թող լինի «ակցիա», բառերն այս պարագայում կարևոր չեն: Որպես լրագրողի՝ ինձ այլ բան է հետաքրքրում: «Հայելու» աշխատակիցները և ընդդիմադիրներից ոմանք պնդում են, որ այդ «ակցիան» կազմակերպել է իշխանությունը կամ անգամ անձամբ վարչապետը: Չեմ կարծում, որ դա այդպես է: Բայց որ նման տհաճ, տգեղ, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված «ակցիան» այսօր հնարավոր է և չի արժանանում հասարակության մեծ մասի մերժողական վերաբերմունքին, դրանում, անշուշտ, կա առաջին հերթին ներկայիս իշխանության մեղքը: Ինչպես և ներկա ընդդիմության: Ինչպես և բոլոր նախկին իշխանությունների և բոլոր նախկին ընդդիմությունների: Մեր բոլորիս:

28 տարվա ընթացքում հասարակությունը դաստիարակվել է հենց այս՝ ագրեսիվ անհանդուրժողականության ոգով: Դեռևս 90-ականների սկզբից քաղաքական հակառակորդներին կամ պարզապես «չհավանած» անձանց հասցեին ընդունված է անվանել «թուրք», «թշնամի», «դավաճան»: Բնականաբար, ընդդիմությունը և նրա տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն առավել հարձակողական ոճ էին ընտրում, իսկ իշխանությունը, տարեց-տարի ավելի «կերած-խմած» դառնալով, պասիվորեն դիմադրում էր քարոզչության մեջ, իսկ վարչական մակարդակով ամեն ինչ անում էր ընդդիմադիր լրատվամիջոցները լռեցնելու համար:

«Առավոտը», փորձելով չխառնվել քաղաքական այս անզիջում պայքարին և չսպասարկելով որևէ քաղաքական թիմի շահերը, մշտապես պաշտպանում էր ընդդիմադիր լրատվամիջոցներին նման ոտնձգություններից՝ անկախ նրանից, մեզ դուր են գալիս դրանց ծայրահեղական դրսևորումները, թե ոչ: Հիմա էլ նույնն ենք անում «Հայելու» դեպքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: