կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 21:43
Հասարակություն

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարներ՝ ատելության խոսք պարունակող գրառմամբ. հորդորում ենք չնպաստել ատելության խոսքի քարոզին. «Մեդիա պաշտպան»

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարներ՝ ատելության խոսք պարունակող գրառմամբ. հորդորում ենք չնպաստել ատելության խոսքի քարոզին. «Մեդիա պաշտպան»

«Երկիր» կայքի մի խումբ նախկին լրագրողներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով պատշաճ գնահատական տալ լրագրողների նկատմամբ ատելության խոսք տարածող և բռնություն հրահրող անձանց գործողություններին և կանխելու լրագրողների նկատմամբ կիրառվող ոչ օրինաչափ վարքագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Մասնավորապես երեկ՝ նոյեմբերի 16–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք պարունակող գրությամբ։ Տվյալ էջն ունի իշխանական ուղղվածություն և կառավարվում է հանրությանը հայտնի «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից։ Ցավոք, հիշյալ գրառումը գովազդվել և մեծ տարածում է գտել համացանցում, ինչի արդյունքում գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, ատելության և բռնության սպառնալիքներ ուղղել  լրագրողներին։

Ուշագրավ է, որ թիրախ ընտրված անձանցից որևէ մեկը ներկայումս չի հանդիսանում «Երկիր» կայքի լրագրող, նրանցից չորսը վաղուց չեն զբաղվում լրատվական գործունեությամբ, իսկ մյուս երեքն աշխատում են Հայաստանի առաջատար լրատվամիջոցներում։

Անհերքելի փաստ է, որ  երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Հիշյալ հրապարակումը ոչ միայն արատավորել է գործող և նախկին լրագրողների անունն ու հեղինակությունը, այլև նրանց դարձրել  ատելության խոսքի և բռնության կոչերի թիրախ՝ նպատակ ունենալով խոչընդոտել նրանց հետագա աշխատանքային գործունեությունը։

Հորդորում ենք հանրությանը չտարածել նմանօրինակ կեղծ տեղեկություններ, չնպաստել ատելության խոսքի և բռնության քարոզին։