Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թվում էր, թե օպերային և բալետային արվեստում արձանագրած աննախադեպ ձեռքբերումներից հետո մշակույթի նախարարությունը մշակութային այդ բացառիկ օջախի՝ Ալ․ Սպենդիարյանի անվ․ ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, նրա ներկա ձեռբերումները կերտած արտիստների և գեղարվեստական ղեկավարի հետ այլ օրակարգով պիտի խոսեր, պիտի գնահատեր ու քաջալերեր հաջողությունները, թատրոնին աջակցելու, նրա վերելքն ամրագրելու մասին մատածեր։
Բայց՝ ոչ։ Ի՜նչ երկխոսության կամ գնահատականի մասին կարող է խոսք լինել, երբ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի Մշակույթ բաժնում մեկ բառ իսկ չկա այդ տասը ամիսների ընթացքում շուրջ յոթ պրեմիերա ներկայացրած, միջազգային աննախադեպ հյուրախաղեր ունեցած, լեփ-լեցուն դահլիճներ ապահոված Ազգային օպերայի մասին։
Չկա հավանաբար երեք պատճառով՝ նախ անհաղորդության, հետո՝ տեսնելու ունակության բացակայության, գուցեև՝ դիտավորության պատճառով։ Ի դեպ, ՀՀ օրենքով Ազգային կարգավիճակ ունեցող մշակութային կառույցի նկատմամբ պետության վերաբերմունքն էլ բացառիկ պիտի լինի։ Բայց սա արդեն արժեքային խնդիր է, գիտակցումի ոլորտից․․․
Միշտ կա բարոյականության և օրենքի նուրբ սահմանը, այս սահմանն առավել զգոնություն ու նրբանկատություն է պահանջում մշակույթի, ստեղծագործող անհատականության պարագայում։
Վաղուց, տարիներ ի վեր ակնհայտ, որ միևնույն՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով պարզապես անկարելի է կառավարել ոչ առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործական կոլեկտիվները։ Դուք գրեթե մեկ տարի ունեիք օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու, դուք ժամանակ ունեիք Կ․ Օրբելյանի հետ քննարկելու և լուծումներ գտնելու։ Պարզապես չի կարելի թռիչքի մեջ գտնվող թատրոնին մեջքից խփել, առանց այն էլ ցնցումներից գլուխ չբարձրացնող մեր հանրությանը լարվածության նոր օջախ պետք չէր «նվիրել»։
Արվեստագետի հետ, ինչպես դուք եք ասում, «թղթերով», վարչահրամայական հռետորաբանությամբ չեն խոսում։ Կա Մշակույթի հետ և մշակույթի մասին խոսելու նուրբ արվեստը․․․
Բայց, այդպես չանելու համար նախ պետք էր գոնե մեկ անգամ լինել օպերայում, զգալ մթնոլորտը, գնահատել արվածը, պարզապես հասկանալ ով է Կ․ Օրբելյանը։
Հ․Գ․ Ի դեպ, հայոց լեզվին լավ չտիրապետելը Կ․ Օրբելյանի մեղքը չի, ցավն է․․․
Լիլիթ Գալստյան