կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-25 15:29
Մշակույթ

Այդպես էլ չիմացանք` մշակույթի փոխնախարարի համար նորմա՞լ էր, որ մշակույթի բյուջեն նույնն է մնացել

Այդպես էլ չիմացանք` մշակույթի փոխնախարարի համար նորմա՞լ էր, որ մշակույթի բյուջեն նույնն է մնացել

Այսօր մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ամփոփեց ընթացիկ տարին: Նա նշեց, որ 2016-ին պետբյուջեով մշակույթին հատկացվել է այնքան գումար, որքան նախորդ տարի: Հիշեցնենք, որ այս տարի մշակութային ոլորտին հատկացվել է 13 627 000 դրամ:

Yerkir.am-ի հարցին, թե նորմա՞լ է, որ բյուջետային հատկացումը նույնն է մնացել, քանի որ ամեն ինչ թանկացել է, և հիմա, ասենք, կինոյի ոլորտում տեսախցիկներն ու վերամբարձ կռունկներից օգտվելն այլ գին ունեն, Պողոսյանը պատասխանեց` ըստ էության, չպատասխանելով հարցին. «Մենք հիմա փորձում ենք, օրինակ, ձեր նշած կինոյի ոլորտում ավելացնել համատեղ արտադրության ֆիլմերը, քանի որ ինքներս մեր ֆինանսական միջոցներով դժվարանում ենք այս ոլորտում մեծածավալ գործեր ստեղծել»:

Մեր հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ որոշ ճյուղեր այս տարի ավելի քիչ ֆինանսավորում են ստացել, քան 2014-ին /քանի որ պատճառաբանում էին, թե 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հետ կապված էր 2015-ի բյուջեի հատկացումն ավելի շատ/, փոխնախարարը կրկին լղոզված պատասխան տվեց. «Մեր բյուջեն նույնն է մնացել, սուբսիդիայի պայմանագրեր են քչացել, իսկ մշակութային մասով, որը ներառում է պետական պատվերներ, ստեղծագործությունների ձեռք բերում, կինոարտադրություն, մնացել է նույնը»:

Հիշեցնենք, որ yerkir.am-ը գրել էր, որ պետբյուջեից մշակութային ոլորտի հատկացումների առումով ամենաշատը չի բերել մշակույթի տների, ակումբների և  կենտրոնների բախտը. ըստ բյուջեի նախագծի` դրանց համար նախատեսված է 47 000 դրամ. գումարը  մոտ 4 անգամ կրճատվել է, քան 2015-ի բյուջեով էր նախատեսված: Ի դեպ, արդարացումը, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի ավարտմամբ է պայմանավորված նվազումը, այստեղ էլ «չի աշխատում»` 2014-ին այս ուղղությանը հատկացվել էր 165 000 դրամ: Իսկ թանգարաններին և ցուցասրահներին հատկացվել է 2 274 000 դրամ` 26 000 դրամով ավելի քիչ, քան 2014-ին /մանրամասները` այստեղ/: