Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թրամփի վարչակազմը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որից հետո հայտարարվել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում մասնակցել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններին: «Թուրքիան շուտով առաջ կգնա Սիրիայի հյուսիսում վաղուց ծրագրած օպերացիայի կատարման համար: ԱՄՆ ԶՈւ-ն չի աջակցի կամ չի ներգրավվի այդ օպերացիայի մեջ, և ԱՄՆ ուժերը, որոնք պարտության են մատնել ԻՊ-ի տեղային «խալիֆաթին», այլևս չեն գտնվի անմիջական տարածքում»,– նշված է հայտարարության մեջ:
Թեև նշվում է, որ Թուրքիային աջակցություն չի լինի, այնուհանդերձ, սա նշանակում է, որ չի լինի նաև միջամտություն:
Նշենք, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան վերջին մի քանի ամիսներին ակտիվ քննարկում էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցը, սակայն հարցն անընդհատ ձգձգվում էր: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ մոտակա օրերին պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Եփրատից արևելք ընկած տարածքներում, որի նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է, այդտեղ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վերաբնակեցումը և Սիրիայի քրդերից այդ տարածքները մաքրելը: Անվտանգության գոտում, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախատեսվում է վերաբնակեցնել մոտ 3 մլն փախստականի, որոնց համար կստեղծվեն քաղաքներ՝ իրենց ենթակառուցվածքներով: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Էրդողանը հայտարարել է ամերիկյան զորքերի դուրս բերման մասին:
Թուրքիան նախատեսում է Սիրիայի հյուսիսում շարունակել «փափուկ ուժի» քաղաքականությունը: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Գազիանթեփի (Այնթափ) համալսարանը նախատեսում է հյուսիսային Սիրիայի խոշոր՝ Էլ Բաբ, Աֆրին, Ազազ քաղաքներում բացել մասնաճյուղեր: Թուրքիան մինչ այդ արդեն սկսել է տարածքի թուրքացման քաղաքականությունը: Բնակավայրերում հաճախակի կարելի է հանդիպել թուրքական դրոշներ, Աթաթուրքի և Էրդողանի պատկերներ: Արաբատառ գրությունների կողքին ավելանում են թուրքերեն գրությունները:
Սակայն թուրքական «ախորժակը» Սիրիայի հյուսիսում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Բացի Սիրիայում սեփական շահեր հետապնդող պետություններից՝ Ռուսաստան, Սիրիա, ԱՄՆ, եվրոպական պետություններ, թուրքերը հյուսիսում բախվել են ավելի լուրջ գործոնի՝ քրդականի, որին ակնհայտ ֆինանսական և ռազմական աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ը: Սիրիայի ժողովրդավարական ուժերի (որի կազմում, բացի քրդերից, ներգրավված են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ) խոսնակ Մուսթաֆա Բալին, ի պատասխան Էրդողանի ծավալապաշտական հայտարարությանը, նշել է, որ թուրքական ներխուժման դեպքում Թուրքիայի դեմ տոտալ պատերազմ կսկսվի: