կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 17:26
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանքերը շահագործումից հետո չեն փակվում, ջուրն օգտագործում են անխնա, թափոնները չեն կառավարվում. օրենսդրության բացերը

Հանքի շահագործման թույլտվություն տալուց առաջ օգուտ-վնասի փորձաքննություն պետք է կատարվի, այնինչ՝ այսօր օրենքը դա չի նախատեսում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչեանը:

Նրանց կենտրոնն արդեն 5 տարի ուսումնասիրում է Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրական բացերը: Վարչապետի տարակուսանքին, թե՝ շր­ջա­կա մի­ջա­վայ­րին վնաս են քա­ղա­քակր­թու­թյան բո­լոր դրսևո­րում­նե­րը՝ նե­րա­ռյալ գրե­րի գյու­տը, ուրեմն՝ պետք է բրոն­զե դա՞ր վե­րա­դառ­նանք, Վարանդ Մկրտիչեանը հակադարձում է մասնագիտական առաջարկներով:

Ամենաառանցքային խնդիրը հանքի շահագործման թույլտվություն տալու գործընթացը խստացնելն է:

«Եթե մեկն ուզում է հանք շահագործել, պետությունը պետք է նայի տնտեսական արդյունքը.  տնտեսությունն, իհարկե, կբարելավվի, բայց ի՞նչ ազդեցություն դա կունենա զբոսաշրջության, գյուղատնտեսության, հողային տնտեսության վրա, կամ՝ այդ թափոններն ինչպես կազդեն բնակչության վրա: Ներկայում, ըստ օրենքի, չկա օգուտ-վնասի փորձաքննության պահանջ: Մեր կենտրոնի առաջարկն է, որ ապագայում լինի այդ փորձաքննությունը, որպեսզի պետությունը կարողանա դատել՝ լավ, այս հանքն այստեղ հսկայական ներդրում պիտի ունենա՝ տնտեսական, բայց փչացնում է բնությունը, մեր հողերը, մեր լեռները, մեր ջրերը, ուրեմն այստեղ չի կարելի, բայց ուրիշ վայրում, ուր բնակչություն չկա, ուր ազդեցությունն այդքան մեծ չէ, կարող են աշխատել»,- մանրամասնեց Վարանդ Մկրտիչեանը:

Թափոնների կառավարման խնդիրը օրենսդրության հաջորդ բացն է. գործող հանքերը թափոնների կառավարման պլան չեն ներկայացրել պետությանը, քանի որ օրենքը դա չի պահանջում, այնինչ, մասնագետի պնդմամբ, դա անհրաժեշտություն է:

Թափոնների զտում ընդհանրապես չկա, որովհետև դա ևս թափոնների կառավարման պլանով պետք է սահմանվեր:

«Նայում ենք ջրի օգտագործման ծավալները. չենք կարող ջուրն այնքան օգտագործել, որ գետն ամբողջությամբ փչանա, կամ հոսանքը դադարի: Նախկինում հանքերին տված թույլտվությունների համաձայն՝ այնքան շատ ջուր իրավունք ունեն օգտագործելու, որ բնության վրա հսկայական ազդեցություն կարող է ունենալ: Մենք ուզում ենք նոր նախագծեր, նոր պլաններ պատրաստեն հանքագործները, ներկայացնեն պետությանը՝ ըստ նոր օրենքների, և դրանց միջոցով հանքերն աշխատեն՝ պակաս ջուր օգտագործելով, առանց վնաս բերելու բնությանը»,- ընդգծեց Վարանդ Մկրտիչեանը:  

Մտահոգիչ խնդիրներից է նաև այն, որ գործող օրենսդրությունը չի պարտադրում հանքը շահագործելուց հետո փակման ծրագիր ներկայացնել: «Մենք նկատում ենք, որ ապագայում այդ հողը պիտի վերականգնվի. ինչպե՞ս պետք է վերականգնվի, այդ պլանը սկզբից ուզում ենք, որ ներկայացվի»,- նշեց Վարանդ Մկրտիչեանը:

Գործող օրենքով՝ տեսուչը գնում է հանքը ստուգելու և չի կարողանում դատել՝ այդ հանքը պե՞տք է աշխատի, թե՞ ոչ: «Հենց այդ տեսչաթերթիկը խնդիրներ ունի, որովհետև հնացած է, միջոցներ չեն ստեղծել, որ ստուգողը կարողանա իր ուզած ժամին նայել, կարողանա հանքավայրը գնալ, դատել: Այս խնդիրները ուզում ենք լուծել՝ նայելով վերահսկողության մասին օրենքին»,- ասաց նա:

Վարանդ Մկրտչյանն արձանագրում է, որ Հայաստանում ոչ միայն հանքագործները չեն հետևում օրենքներին, այլև օրենքներն են անկատար: Նրանց կենտրոնը աշխատում է օրենքը բարելավելու ուղղությամբ: Հանքարդյունաբերությունը, նրանց համոզմամբ, պետք է լինի, բայց պետք է պատասխանատու լինի: «Եթե պատասխանատու չլինի և վատ ազդեցություն ունենա բնության ու ժողովրդի վրա, տնտեսական արժեք չունի, որովհետև ապագայում մենք շատ սուղ ենք վճարելու բնությանը»,- ասաց Վարանդ Մկրտիչեանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: