Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը, բանակում իրավիճակից լրջագույն դժգոհությունների ֆոնին, հիմա հերթական թատրոնն է բեմադրում իր այն հայտարարության տակ, թե զինվորի ընտանիքը չպետք է կարիք ունենա և այլն, իսկ կ՞ա ինչ-որ մեկն, ով ասում է, որ զինվորի ընտանիքը պետք է սոված մնա, ո՞ւմ հետ է վիճվում, ի՞նչ է խոսում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության նիստում արված հայտարարություններին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր․ «Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, անմիջապես բնակարան կստանա պետությունից»։
Փորձագետը նշում է, որ 4 տարուց ավել է դա իր պարտականությունն է, որպեսզի նորմալ ապահովվի բանակը․ «Բայց մի մարդ, ով բանակը բերել, հասցրել է մի վիճակի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ընտանիքները չէին կարողանում ստանալ իրենց օրենքով հասնող աջակցությունը, եթե գերիների հարցով այս իշխանությունը, կոպիտ ասած, լրիվ անտարբեր է, և հայտարարում է, որ «կարող են մեկ-երկու ամիս էլ սպասել», եթե զոհվածների մարմինները շպրտում են գետնին և ամիսներով մոռանում են՝ այս ամենի ֆոնին, այդ պոպուլիստական բեմադրությունները խայտառակ անբարոյականության շոու է»։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանից շատ ոչ ոք այդքան շատ վնաս չի տվել Հայաստանի պաշտպանական համակարգին․ «Այն, որ հազարավոր սպաների կեղծ մեղադրանքններով, անհիմն կասկածներով ու օրերով ու ժամերով հարցաքննում են, գործեր են հարուցում, ու այդ գործերը չեն փակում՝ չնայած այն ամենին, որ իրենց տակը ոչինչ չկա, մարդանց դավաճան են համարում, դասալիք են հայտարարում, իսկ շեփորահարելուց հետո մարդկանց բաց են թողնում, ու նոր պաշտոնների նշանակում։ Այդ ամեն ինչից հետո, երբ սկսում է հրապարակայնորեն ցուցադրել, թե ինչքան է հոգում զինվորականի մասին, սա ուղղակի աբսուրդ է»,- ասաց նա։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ եռամսյա հավաքներից հրաժարվում են․ «Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, 7 օր անցնում են պատրաստություն, 14 օր մարտական հերթապահություն, դա լինելու է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։
Փորձագետը կարծում է, որ այսպես ուզում են մեզ համոզել, որ 45-50 տարեկան տղամարդուց, որ կյանքում զենք չի բռնել, չի ծառայել, պատրաստելու են մի զինվոր, ով գնալու է Ադրբեջանի դեմ խրամատ պահի․ «Սա բնականաբար աբսուրդ է, իրենց իսկ քանդած համակարգի բացերը փորձում են փակել, լրացնել, կոպիտ ասած, սանտավիկով։ Եվ ես վստահ եմ, որ նրանք նպատակ չունեն խնդիրը երկարաժամկետ լուծելու։ Իրենց նպատակը ցույց տալն է, որ հետո ասեն դուք չպաշտպանեցիք, բայց այդ մարդիկ ո՞նց պաշտպանեին, եթե չեն անցել պատշաճ զինպատրաստություն»։
Նրա խոսքով՝ մի բան է, երբ տանում են 18 տարեկանի, որովհետև սրտի պրոբլեմները այդքան խորը չեն կարող լինել այդ տարիքում, մեկ այլ բան՝ մեծ մարդկանց․ «Ինչպե՞ս են ստուգելու այդ մարդկանց առողջական վիճակը։ Մենք հիշում ենք, որ այս հավաքներին հանկարծամահության դեպքեր եղան։ Նորմալ սրտի ստուգումը չի արվել, ժամանակակից բժշկության մեջ հնարավոր է մոտ 90 տոկոսով կանխել հանկարծամահությունը՝ ճիշտ բուժզննման դեպքում։ Վստահ եմ, որ չի արվել դա։ Անընդհատ հայտարարվում է , որ ծառայում են տարբեր կատեգորիաները։ Ձևեր են թափում, թե փորձում են լուծել խնդիրները, բայց այդ խնդիրները, իրենց իսկ ստեղծած խնդիրներն են։ Ես միշտ ասել եմ, որ տվյալ իրավիճակում պետք է ամբողջ ազգի մոբիլիզացիայի խնդիրը լուծել։ Իրանք այս գործողություններով ցույց են տալիս, թե իբր մոբիլիզացիա են անում, բայց իրականում իրենք այդ գործողություններով ոչ թե լուծելու են այդ խնդիրը, այլ՝ խորացնելու են»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով Փաշինյանի շնորհիվ այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ ամբողջ ազգը պետք է պատրաստ լինի մոբիլիզացիայի, բայց այդ մի քանի օրվա թրեյնինգը, ով չի անցել զինվորական ծառայություն, մարդուն չի կարող դարձնել լիարժեք զինվորական։
«Սա ուղղակի պոպուլիստական շոու է»,- ավելացրեց փորձագետը։
Լ․ Ա․