կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-11-23 19:14
Տնտեսական

Հանքերը պետք չէ ''ուտել''

Հանքերը պետք չէ ''ուտել''

Հայաստանում արդյունահանված հանքանյութերի առաջնային մշակում, որոշակի առումով, կա: Բայց հանքանյութի առաջնային մշակումը Հայաստանում կազմակերպելը չէ այս ոլորտի հիմնախնդիրը, եւ միայն հանքի առաջնային մշակումը դեռ չի նշանակում, թե դու զարգացած հանքարդոյունաբերություն ունես:

 

Ճիշտ է` եթե դու վաճառում ես խտանյութը, և եթե վաճառում ես մետաղը, եկամուտները տարբեր են, ու մետաղ վաճառելուց ավելի շատ եկամուտ է ստացվում, սակայն տարբերությունը ահռելի չէ: Դրանից բացի` մենք չպետք է ունենանք տնտեսություն, որը հիմնված է հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և հումքի առաջնային մշակման զարգացման վրա: Դա աշխատանքի միջազգային բաժանման մեջ ամենացածր մակարդակն է:

 

«Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է արդյունահանեինք այնքան, ինչքան ի վիճակի էինք օգտագործել, այսինքն` դրա բազայի վրա տնտեսության աճ զարգացնելու համար: Իհարկե, ես չեմ ասում, որ ընդհանրապես չի կարելի արտահանել: Բայց արտահանման դեպքում էլ մենք այնքան հոգատար պետք է լինենք, որ եկած եկամուտներն օգտագործվեն կառուցվածքային բարեփոխումների, կամ նոր արտադրություններ ու ճյուղեր զարգացնելու համար: Այսինքն` պետք է կոպեկը, որ մենք ստանում ենք մեր ընդերքի հարստությունը վաճառելու հաշվին, գոնե պետք է արդյունավետ օգտագործվի»,- այս հարցի շուրջ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

 

Հայաստանի կառավարման վերին էշելոններից, իհարկե, պարբերաբար հնչում են մոտեցումներ ու տեսակետներ, թե, օրինակ, պղնձի վերամշակման մետալուրգիական նոր կոմբինատ ստեղծելու համար պետք է հումքի արդյունահանման ծավալներն ավելացվի: Սակայն տնտեսագետի կարծիքով` սա ասվում է` հիմնավորելու համար արդյունահանման ծավալների մեծացումը: Իսկ աշխատանքի միջազգային բաժանման մեջ ավելի բարձր մակարդակ է հումքի վերամշակումը:

 

Ցանկացած զարգացած, կամ իր ապագայով մտահոգ երկիր, ոչ միայն իր, այլև ուրիշի ռեսուրսները բերելով իր երկիր, խնայելով իր ռեսուրսները, դրանք թողնելով, որպես ռեզերվ, ստեղծում է արտադրանք, որտեղ հումքի բաժինը չնչին տոկոս է կազմում, արտադրում են վերջնական ապրանքներ, հետո անհամեմատ ավելի բարձր գնով վաճառում են այդ հումքն արտահանող երկրին, ու ստանում հսկայական եկամուտներ: Դա միջազգային մասշտաբով շահագործում է նշանակում: Իսկ մեզ պես երկրներն այդ դեպքում դառնում են շահագործվող երկրներ:

 

Այսինքն` Հայաստանի հանք շահագործողները ներսում մեզ են շահագործում` ինչ-որ ձևով, մեր երկրին էլ` հայ կապիտալիստներին, շահագործում են այլ` միջազգային կապիտալիստները: Հանքարդյունաբերության ոլորտի առումով մեզ համար ամենաճիշտ ուղին հումքի` տեղում ոչ թե առաջնային մշակման, այլ խորը մշակման ենթարկելն է:

 

«Իմ կարծիքով` եթե Հայաստանը սկսի մի քիչ այլ կերպ մտածել ու մոտենալ մեր հանքահումքային ռեսուրսների օգտագործմանը` անցնի գիտատար ու խորը վերամշակման փուլի և շուկա արտահանի ոչ թե հանքանյութ կամ առաջնային մշակված հումք, այլ խորքային ու վերջնական մշակված ապրանք, ապա շահույթի առումով այստեղ ոչ թե 10 կամ 20 տոկոսով ավել շահույթ կստանա, իհարկե այստեղ խորքային ուսումնասիրություններ են անհրաժեշտ` պարզելու հնարավորություննեը, բայց, իմ կարծիքով, շահույթը կլինի անգամներով ավելի շատ` 4-5 անգամ: Հնարավոր չէ, որ տարբերությունը 10 կամ 20 տոկոս լինի»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

 

Այս դեպքում և’ լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, և’ կունենանք զարգացած տնտեսություն, ավելի քիչ հանք շահագործելով ավելի մեծ շահույթ կունենանք: Եվ, ի վերջո, արտագաղթը ոչ թե կխորանա, այլ ընդհակառակը` կարող է նաև ներգաղթ լինել, քանի որ աշխատանք գտնելը Հայաստանում առավել կհեշտանա:

 

Սա, իհարկե, ավելի բարդ ճանապարհ է, բայց այդ ճանապարհին լուծվում են մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ: Բացի այդ` հնարավոր է դառնում հանքի արդյունահանումը փոքրացնելով եւ այլ սերունդների համար պահելով, ավելի մեծ եկամուտներ ապահովել: իսկ ուղղակի հանքերի գիշատչական շահագործումը անհամեմատ ավելի հեշտ է` քանի որ մի կողմից ընդերքը քանդելու և մյուս կողմից արդյունքը ծախելու հարցում մտավոր, ֆիզիկական, ժամանակային առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջում եւ արագ եկամուտներ են ապահովվում. Գրողին` թե այդ դեպքում իրական հնարավորությունները միայն չնչին չափով են օգտագործվում, ու շրջակա միջավայրին անդառնալի ու մեծ վնաս է հասցվում:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ