կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 10:21
Առանց Կատեգորիա

Փակ հանդիպման բացերը

Փակ հանդիպման բացերը

Հուլիսի 18-ի հետկեսօրին ինչքան հայկական լրագիր ու համացանցային կայք կար, ինչքան էլեկտրոնային լրատվամիջոց կար` ակնդետ հետևում էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում Հանրային խորհրդի «հովանու ներքո» ընթացող Հայ ազգային կոնգրես-իշխանություն հանդիպմանը: Էլեկտրոնային լրատվամիջոցները աննախադեպ փութաջանությամբ նույնիսկ րոպեների համաժամանակությամբ էին տեղեկատվություն տարածում «պատմական» հանդիպման մանրամասների մասին:

Ահա այդպես հանդիպումից րոպեներ անց իմացանք, որ պատվիրակությունները ժամանել են հանդիպավայր. կոալիցիայի ներկայացուցիչները` սկսվելուց 5 րոպե առաջ, «կոնգրեսականները»` 2 րոպե ուշացումով: Անշուշտ, նշվածն ուշագրավ մանրամասն էր այնքանով, որքանով անուղղակի հուշում էր, թե ով ո՛ւմ է սպասում կամ, առնվազն, ո՛վ է հանդիպման նախաձեռնողը, դրանով իսկ` շահագրգիռ կողմը և որոշ իմաստով նաև` խնդրարկուն:

Ուշագրավ էր նաև մեկ այլ տեղեկատվական մանրամասն. հանդիպման սրահի կլորավուն սեղանի շուրջ պատվիրակությունները տեղավորվել են միմյանցից հնարավորինս հեռու` դեմ առ դեմ, դրանով երկուստեք կամենալով ընդգծել, որ ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլև ընդհանրապես իրենք հավասար կարգավիճակներում չեն:

Սակայն լրագրային հաղորդումներում այս ու հարանման մանրամասների նշանակությունն ակնհայտորեն չափազանցված էր, և դա ընդամենը մեկ պատճառով` երկար սպասված «պատմական» հանդիպման մասին պարզապես հաղորդելու բան չկար, որովհետև վաղուց ծրագրվող հանդիպումն ինչ-որ մարդկանց քմահաճությամբ վերածվել էր փակ դիտման դրված ներկայացման: Շատ կարճ տևած «բացման արարողության» ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվել է ներկա գտնվել ընդամենը մի քանի րոպե, այնպես որ ոչ մեկը չէր էլ հասցրել հարցնել. պարոնա՛յք, ձեզնից ո՞վ, ումի՞ց ստացած, ո՞ր լիազորությամբ է որոշել հանդիպման «փակությունը», ինչո՞ւ է ձեր հանդիպումը լինելու այդքան գերգաղտնի, մեր երկրի և պետության անվտանգությանն ուղղակի սպառնացող այդ ի՞նչ հարցեր եք քննարկելու, որ գաղտնիության այսչափ անթափանց վարագույրով դրանք սքողելու կարիք եք ունեցել:

Երկար ամիսներ (տարիներ) շարունակ անթաքույց, հաճախ նույնիսկ առանց բարոյական սահման ու սահմանափակում ճանաչելու իրար հրապարակավ ասել եք հնարավոր ամեն բան, լուտանքներ եք թափել մեկմեկու գլխին, ծաղրել եք, վիրավորել, նվաստացրել` միշտ, սակայն, հաջողելով գործն այնպես ներկայացնել, թե դա անում եք հանուն ժողովրդի, հանուն շարքային քաղաքացու, իսկ հիմա, երբ նույն ժողովուրդն ու նույն քաղաքացին վերջապես պիտի իմանան` ինչն ինչոց է, ով ո՛ւմ բարեկամն է, դուռը փակում եք նրանց առջև:

Շատ չե՞ք արհամարհում շարքային քաղաքացուն, պարոնա՛յք. ախր նրան ձեր հայհոյաբանություններին ականջալուր ու ականատես դարձնում եք, բայց «քաղաքակիրթ» բանակցություններին, որի ընթացքում, ըստ ձեր երկուստեք հավաստիացումների, նրա բախտն ու ճակատագիրն եք որոշելու` ահա ոչ: Բա զարմանալի չէ՞: Գուցե կասկածնե՞ր ունեիք, որ հասարակ քաղաքացին կընկալեր-կհասկանար ձեր բանակցային խորիմաստությունները, հետևաբար պատշաճ էր հանդիպումից հետո ընդամենը մեկ-երկու հանրամատչելի նախադասություն ասել և պրծնել ժողովրդավարության այդ անիծյալ` հաշվետու լինելու պարտադրանքից: Անշուշտ, մեր քաղաքական գործիչներին (իշխանական թե ընդդիմադիր) խիստ բնութագրական է` ճամարտակել ժողովրդավարությունից, բարբաջել բացախոսությունից, պոռոտաբանել հրապարակայնությունից, միևնույն ժամանակ դուռը փակ պահել ժողովրդավարության առջև, բացախոսությունը վերածել թշնամական բանակցությունների (այս առումով թերևս իրատես է Լ. Տեր-Պետրոսյանը` պահանջելով բանակցություններ և ոչ թե երկխոսություն), իսկ հրապարակայնությունը բերել-փակել ինչ-որ հյուրանոցի փոքր սրահում:

Հանդիպման ավարտից հետո ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենք ի սկզբանե կողմ են եղել հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակելուն, ինչը, կարծես, ընդունելի չի եղել կոալիցիայի ներկայացուցիչների համար: Անշուշտ, Լ. Զուրաբյանի խոսքին ամբողջությամբ հավատալ չարժե, որովհետև հանդիպումը եթե ՀԱԿ-ի համար օգոստոսի 2-ի հանրահավաքի գլխավոր ինտրիգն էր լինելու, ինչպես իրենք էին նախապես հայտարարել, բնականաբար փակ ձևաչափը միանգամայն համապատասխանում էր նրանց պլաններին:

Ինչ վերաբերում է իշխանություններին, կարծում ենք` նրանց նույնպես բաց հանդիպում հարկավոր չէր, քանի որ դրանով, նախ, ավելորդ և աչք ծակող կարևորություն էր տրվելու ՀԱԿ-ին ու նրա հետ հանդիպմանը, բացի այդ` ոչ ոք չէր կարող ի սկզբանե բացառել հանդիպման հնարավոր անթույլատրելի և տհաճ զարգացումները: Հետևաբար, փակ հանդիպումը մտնում էր նաև իշխանության պլանների մեջ: Եվ երկուսն էլ` թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանությունները թքած ունեին, որ հանդիպման հույժ գաղտնիությունը բնավ չէր մտնում ժողովրդավարության մասին անվերջ բարբաջող քաղաքական ուժերից հենց ժողովրդավարական գործելակերպ ակնկալող մեր քաղաքացիների սպասումների մեջ:

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ