կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-22 14:07
Քաղաքական

Սիրիայում արևմտյան երկրների ստորաբաժանումներն իրենց հսկողության տակ են պահում քրդական տարածքում գտնվող նավթային հանքերը. Սաֆրաստյան

Սիրիայում արևմտյան երկրների ստորաբաժանումներն իրենց հսկողության տակ են պահում քրդական տարածքում գտնվող նավթային հանքերը. Սաֆրաստյան

Սիրիայում իրադրությունը մտել է դանդաղ զարգացումների փուլ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ արևելագետ-թուրքագետի՝ Սիրիայի տարածքի մեծ մասը կառավարական ուժերի հսկողության տակ է, մնացել են Իդլիբի շրջանը, որը դեռևս պայքարում է կառավարության դեմ, և մի քանի այլ փոքր շրջաններ: 

«Սիրիական բանակը, իհարկե, ունի հնարավորություն Իդլիբի նահանգում իրականացնելու լայնածավալ հարձակում, բայց դրանից խուսափում է, քանի որ կլինեն մեծ քանակությամբ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, ուստի նախապատվությունը տրվում է փոքր հարվածներին և դանդաղ առաջ գնալուն»,- նշեց Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի ներկայությանը, թուրքագետը նշեց, որ երկիրը ոչ միայն իր օկուպացիայի տակ է պահում Հյուսիսային Սիրիայի տարածքի զգալի մասը, այլև, ըստ էության, ներկայություն ունի նաև Իդլիբի նահանգում, և այստեղ կռվող հակակառավարական ուժերը զգալի չափով գտնվում են թուրքական ազդեցության տակ՝ Թուրքիայից ստանալով զենք-զինամթերք: 

«Թուրքիան դեռևս ցանկություն չունի այստեղ իրականացնելու քայլեր, որոնք կնպաստեն իրադրության կարգավորմանը, թեև ՌԴ-ի և Իրանի հետ պայքարում էր Սիրիայում գործող «Իսլամական պետության» զինյալների դեմ: Մյուս ուշագրավ երևույթն այստեղ քրդական գործոնն է, որը բավականին ուժեղ է ժամանակակից Սիրիայում: Եվ այն տարածքը, որը ենթարկվում է քրդերի հսկողությանը, կարելի է ասել, ապագա քրդական ինքնավարության տարածքի զգալի մասն է լինելու»,- շեշտեց արևելագետը՝ միաժամանակ կրկնելով, որ Սիրիայում արագ փոփոխություններ չեն նախատեսվում:

Սաֆրաստյանը հայտնեց, որ օգոստոսին Թուրքիայի հրավերով Անկարայում հանդիպում է նախատեսված՝ Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի ներկայացուցիչների միջև, և շատ հավանական է, որ այստեղ խոսք գնա այն գործողությունների մասին, որոնք պիտի իրականացվեն՝ կյանքի կոչելու համար այդ երեք երկրների ծրագրերը Սիրիայում:

«Դրանք տարբեր են. Ռուսաստանը և Իրանը հենց սկզբից հանդես են գալիս որպես Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպան և պաշտպանում են Ասադի կառավարությունը, իսկ Թուրքիան թեպետ վերջին շրջանում սկսեց պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բայց նրա հիմնական թիրախը քրդական ուժերն են, ուստի ամեն ինչ կանի, որ քրդական ինքնավարություն չստեղծվի Սիրիայի տարածքում»,- մանրամասնեց թուրքագետը:

Նա հիշեցրեց, որ թեև ԱՄՆ-ը հայտարարել էր Սիրիայից իր զորքերի դուրս բերման մասին, սակայն այստեղ դեռ բավականաչափ ամերիկյան զինյալներ կան, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրների ստորաբաժանումներ՝  Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, որոնք հիմնականում իրենց հսկողության տակ են պահում  նավթային այն հանքերը, որոնք գտնվում են քրդական տարածքում, իսկ նավթը մերձավորարևելյան զարգացումներում որոշիչ դեր ունի: