Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ցանկանում գնահատական տալ Ամուլսարի խնդրին: «Ես, իհարկե, մասնագետ չեմ ու այս ընթացքում լռել եմ այդ թեմայի վերաբերյալ: Գտնում եմ, որ այն, ինչ տիրում է «Ֆեյսբուք»-ում՝ բոլորը հանքերից հասկացողներ են, բոլորը տիրապետում են այս իրավիճակին, թե ինչ պետք է անել, ինչ պետք չէ անել, այդքան էլ տեղին չէ, իսկ ես չեմ կարող գնահատական տալ»,- այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին, ասաց նա:
Քանի որ կառավարությանը չվստահելու որևէ հիմք չունի, պատգամավորը հանքի շահագործմանը դեմ չէ:
«Եթե կառավարությունը երաշխավորում է՝ ռիսկեր լինելու դեպքում, կամ եթե աղտոտվեն օդն ու Ջերմուկի ջրերը, հանքի շահագործումն իրավական հիմնավորմամբ կարգելվի, ինձ այլ բան չի մնում, քան վստահել կառավարությանը: Չեմ կարծում, թե Ամուլսարի հարցով հանրային ըմբոստություն կլինի: Կան սրտացավ մարդիկ, բնապահպաններ, որ, այո, սրտացավ են, որ ունեն կասկածներ, չի բավարարում իրավիճակը, բայց բոլորս էլ գիտենք, թե այլ ուժերի կողմից ուղղորդվող ինչքան մարդ կա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
«Ո՞ւմ նկատի ունեք»,- հարցրեցինք:
Պատգամավորը չհստակեցրեց՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունը օդի մեջ կանգնած է: Ապա նաև հռետորական հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ երբ թույլ էին տալիս Ամուլսարի հանքի շահագործման համար 400 միլիոն ներդնել, շենք-շինություն կառուցել, այդքան հաճախ «Ֆեյսբուք»-ում չէին հանդիպում SaveAmulsar հեշթեգին, ինչին անդադար հանդիպում ենք վերջին մի քանի ամիսներին: Ի՞նչ էին անում այդ մարդիկ, երբ «Լիդիան» ընկերությունը թույլտվություն էր ստանում, երբ այդ սարի վրա սկսեց գործարան կառուցվել»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե իրավիճակ է փոխվել, ու մարդիկ առավել պահանջատեր են դարձել, արձագանքեց՝ պահանջատերերը պահանջում են, ուղղորդվողներն էլ՝ ուղղորդվում: «Ես միանշանակ չեմ ասում, թե բոլորն են ուղղորդվում, բայց կան մարդիկ, որոնց առիթ է պետք սա հավելյալ սրելու համար»,- շեշտեց պատգամավորը:
Yerkir.am-ի հարցին, թե ովքե՞ր են ուղղորդում, նախկին իշխանություննե՞րը, նա դրական պատասխան տվեց:
Դիտարկմանը՝ նախկին իշխանություններն այն ժամանակ էլ էին կողմ հանքի շահագործմանը, ինչո՞ւ պետք է ուղղորդեն, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Նախկինում կողմ էին, այժմ՝ դեմ: Նախկին իշխանություններից այսօր մարդիկ այնպես են խոսում իշխանության մասին… Վերջերս Միքայել Մինասյանը լուրջ դեմքով ասում էր, որ նախկինների վերադարձ չի լինելու, դուք նախկիններից չեք տարբերվում: Այնպես էր խոսում նախկին իշխանությունների մասին, կարծես ինքը նախկին իշխանության հետ որևէ կապ չի ունեցել, չի եղել նախկին իշխանության դեսպանը: Ու նման մարդիկ նախկին իշխանություններից շատ են, որ այսօր նախկին իշխանության մասին խոսում են այնպես, որ կարծես կապ չեն ունեցել նախկին իշխանության հետ»: