կարևոր
7546 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 11:26
Տնտեսական

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր․ Թադևոս Ավետիսյան

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր․ Թադևոս Ավետիսյան

Ամուլսարի հանքը կշահագործվի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր:

Այս հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանքավայրի  շինարարական աշխատանքներն ավարտելու և անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։

ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով։

Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր և այդպիսով նաև՝ կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։

Բացի դա՝ ՀՀ կառավարությունը անվճար, այսինքն՝ «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:

Այսպիսով, օրվա իշխանությունն արդեն արձանագրում է․ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից:

Հիմա ներկայացնեմ առարկայական այն հարցերը, որոնց պատասխանները չկան, և որոնք առանցքային ու սկզբունքային նշանակություն ունեն Ամուլսարի հանքի շահագործման այս կասկածելի գործարքի առումով։

Հարց 1 Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ հինգ տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և սրանից բխող՝ չեն ստացվել նաև սոցիալ-տնտեսական լրացուցիչ այլ արդյունքներ։

Հարց 2 Հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։

Ի դեպ, այս ողջ ընթացքում անդադար խոստանում էիք, որ Ամուլսարի հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

Հարց 3 2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Ի՞նչ եղավ։ Ստացվեց զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։ Ավելին՝ առաջացան նոր հարցեր։

Հարց 4 Հիմա էլ Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող բնապահպանական խնդիրներին և անորոշություններին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները

«թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում»։

Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։

Հարց 5 Այո՛, անհրաժեշտ է ապահովել հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ երբեք ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվին։

Իրականում ստացվում է․ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով և անվտանգային նոր սպառնալիքներ ու  ռիսկեր առաջացնելով եք բացում Ամուլսարի հանքը, որ խուսափե՞ք ձեր ձեռամբ և առաջնորդությամբ՝ տարածաշրջանում ամեն օր խորացող սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խնդիրներից, և ստվերային գործարքով փայ մտնե՞ք հանքը շահագործող ընկերությունում։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ