Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ սկսել է ստուգումներ թե' բնապահպանական մասով, թե' փաստաթղթերի առումով. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հետ կապված ներկայիս իրավիճակին:
Նախարարը նշեց, որ իրենք դիմել են ընկերությանը՝ հասկանալու, թե նախագծի մեջ կա՞ն փոփոխություններ, քանի որ «Լիդիան»-ից պաշտոնապես որևէ դիմում կամ գրագրություն չկա, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել: «Նախապատրաստել ենք գրություն, որն այսօր կուղարկենք կազմակերպությանը, քանի որ եթե կան նախագծային որոշակի փոփոխություններ, ապա, ըստ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենսդրության, նոր փորձաքննական գործընթաց պետք է անցկացվի»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով՝ ստուգումները կտևեն 10 օր, և դրանից հետո պատկերը պարզ կլինի: «Հանքարդյունաբերության` նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանական իր հարստությամբ, իր բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական կետերից մեկն է: Հանքարդյունաբերության նման ծավալները որևէ ձևով արդարացված չեն: Մյուս կողմից` կան իրավական գործընթացներ և բովանդակային գործընթացներ»,- հավելեց նա:
Դիտարկմանը, թե «Լիդիանը» սպառնում է պատժամիջոցներ կիրառել, նախարարը պատասխանեց, որ ոչ ոք սպառնալիքի լեզվով չպետք է խոսի: Նա հիշեցրեց, որ հանքի շահագործման հետ կապված իրավական գործընթացներ կան: «1996-ին ՀՀ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է ներդրումների խթանման ու պահպանության հետ կապված համաձայնագիր, որում կան որոշակի երաշխիքներ, և, հավանաբար, հենց սա նկատի ունի «Լիդիանը»: Մեր գործողությունները օրենսդրական հիմքի վրա են, որպեսզի չկատարենք քայլեր, որ հետագայում կարող են իրավական, ֆինանսական, տնտեսական առումով ռիսկեր առաջացնել ՀՀ-ի համար: Բացի այդ՝ միջազգային գործընթացը չի կարող պաշտպանել մի իրավիճակ, որտեղ կան իրավական խնդիրներ»,- հավելեց Գրիգորյանը: