Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բնապահպանները բողոքի ակցիա իրականացրեցին Ամուլսարի շահագործման դեմ: Նրանք բնապահպանության նախարարության մոտից քայլերթով գնացին կառավարության շենքի մոտ, որից հետո արդեն` դեպի «Լիդիան» ընկերության գրասենյակ:
Ակցիայի մասնակիցներից Գեղամ Օհանյանը նշեց, որ ոչ աշխատանքային օր լինելն ամենևին էլ չի «վնասում» իրենց բողոքի ակցիան, քանի որ այն ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունի: Նրա խոսքով՝ օրեր առաջ, երբ «Լիդիան»-ի աշխատակիցները կառավարության շենքի մոտ փորձեցին բողոքի ակցիա կազմակերպել, այսօր էլ, դրան ի պատասխան, իրենք են իրականացնում խաղաղ բնապահպանական ակցիա, բացի այդ՝ իրենց նպատակն է նաև Ջերմուկում բողոքի ակցիա անողներին քաջալերել:
«Սիմվոլիկ է այսօրվա հավաքը, կարիք չկա, որ ինչ-որ մեկը դուրս գա և պատասխանի մեզ: Ամուլսարը չշահագործած՝ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի բնակիչներն արդեն իսկ իրենց մաշկի վրա զգացել են թե՛ փոշու առկայությունը, թե՛ ջրի վնասումը, անգամ` զբոսաշրջությունն է արդեն տուժել Ջերմուկում»,- ասաց Օհանյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղվա՝ Ջերմուկ այցին, նա վարչապետի այցից դրական ակնկալիքներ ունի և հույս, որ վարչապետն ամբողջությամբ կընկալի խնդրի լրջությունը, իսկ տեղացիները կներկայացնեն խնդիրը՝ իր ողջ լրջությամբ:
Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում «Լիդիան»-ի աշխատակիցների հայտարարությանը, թե հենց իրենք են բնապահպան, իսկ բողոքի ակցիա իրականացնողներն իրականում սաբոտաժ են անում, Օհանյանը պատասխանեց, որ հանքագործը չի կարող բնապահպան լինել:
Մեկ այլ հարցի, թե «Լիդիան»-ի ներկայացուցիչները նշում են, որ պետք է նոր մեխանիզմներ ներդնեն, որպեսզի էկոլոգիական վնասը հասցվի նվազագույնին, և արդյոք սա ընդունելի՞ է, Օհանյանը պատասխանեց, որ նվազագույնի հասցնելը դեռ չեզոքացում չէ: «Բնության հետ կատակ չեն անում: Ամուլսարի բարձրությունը մոտ 3000 մետր է: Լեռներից ծնվում է ջուրը, հիմա ջրի աղբյուրը փորձում են քաղցկեղով վարակել, ու անհնար է, որ կարողանան չեզոքացնել վտանգն այն աստիճան, որ բնությունը և տարածաշրջանը վնասներ չկրեն: Ոչ մի կոմպրոմիս չկա նրանց հետ: Բացի այդ՝ ուզում եմ տեղեկացնել ողջ աշխարհի ներդրողներին, որ Հայաստան գան` կառուցելու, այլ ոչ թե քանդելու»:
Խոսելով այն մասին, որ ոմանք բնապահպանական ակցիա իրականացնողների մասին ասում են, թե նրանք շահ են հետապնդում, Օհանյանը նշեց, որ իրականում բնապահպանական պայքարի մեջքը կոտրելու համար սկսում են պիտակներ կպցնել: Նրա հավաստմամբ՝ իրենք ոչ մի շահ չեն հետապնդում, ուղղակի անհանգստացած են:
Ինչ վերաբերում է բնապահպանության նախարարությունից իրենց ակնկալիքներից, ապա, նրա խոսքով, իրենք նախարարությունից և նախարարից՝ Էրիկ Գրիգորյանից, ակնկալում են, որ կկատարեն իրենց ֆունկցիան՝ կլինեն բնապահպան և ժողովրդի կողքին կկանգնեն: «Բնապահպանության նախարարությունը ոչ թե պետք է լինի բնօգտագործման նախարարություն, այլ բնությունը պահպանող նախարարություն, մանավանդ Հայաստանում բնապահպանության նախարարությունը պետք է երիցս ուժեղ լինի»,- ասաց Օհանյանը:
Նշենք նաև, որ նախաձեռնության անդամները մոտ մեկ ամիս առաջ նամակ էին ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին: Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ստացել են նամակի պատասխանը: Իսկ մինչ այդ, ըստ նրա, նաև հանդիպում են ունեցել բնապահպանության նախարարի հետ: «Մեր նախաձեռնության անդամները` 5 հոգանոց խմբով, հանդիպեցին բնապահպանության նախարարի հետ, որոշ պարզաբանումներ հնչեցին: Դրանց որոշ մասն այնքան էլ համոզիչ չէին մեզ համար, բայց բավականին դրական կետեր շեշտվեցին՝ ընդհանուր հանքաարդյունաբերության ոլորտի հետ կապված: Նշվեց, որ կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 2021-ից, օրինակ` թափոնների հարկման հետ կապված օրենքը: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ Ամուլսարի հանքի խնդիրն այսօրվա խնդիր է և պետք է լուծում ստանա այս պահին, քանի որ եթե մտավ շահագործման փուլ, արդեն խնդիրն այլ տեսանկյունից պետք է դիտարկել»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի հանքը չմտնի շահագործման փուլ, ինչպես նաև քայլեր պետք է իրականացվեն իրավական դաշտում, որպեսզի պետությունը վնասներ չկրի:
Մարտիրոսյանը նշեց նաև, որ «Լիդիան»-ը սկսել է արդեն սպառնալիքի լեզվով խոսել և դատարան դիմելու հետ կապված հարցեր բարձրացնել, սակայն եթե «Լիդիանը» գնա այդ քայլին, հակաքայլեր կձեռնարկվեն թե՛ պետական, թե՛ հասարակական սեկտորի կողմից: «Չեմ կարծում, որ «Լիդիան»-ն ունի բավարար հիմքեր դատարանում այդ գործը շահելու համար: Բացի այդ՝ տարբեր մասնագետներ «Լիդիան»-ի դեմ բազմաթիվ փաստեր են հնչեցրել, որոնց հիման վրա կարելի է հակադատական պրոցեսներ սկսել: Մյուս կողմից` մի շարք գործընթացներ արդեն իսկ ընթացքում են»,- ասաց Մարտիրոսյանը: