կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-31 14:00
Հասարակություն

Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Գելափը» հարցում է իրականացրել

Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Գելափը» հարցում է իրականացրել

Տեղեկացրել էինք, որ «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ 1106 անձանց շրջանում հարցում են իրականացրել` մի շարք թեմաների վերաբերյալ քաղաքացիների կարծիքն իմանալու համար:

Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե որո՞նք են այն խնդիրները, որոնք կարող են վտանգել ՀՀ բնապահպանությունը, և հարցվածների գերակշիռ մասը՝ 43.6 տոկոսը, պատասխանել է, որ աղբահանության և աղբավայրերի խնդիրները (այդ թվում՝ Սովետաշենի): Տոկոսային քիչ տարբերությամբ՝ 41.2 տոկոսի կարծիքով՝ Սևանա լճի խնդիրն է վտանգում ՀՀ բնապահպանությունը, իսկ 37.8 տոկոսի կարծիքով` Դիլիջանի անտառահատումները: 35.5 տոկոսի հավաստմամբ՝ Ամուլսարի հանքի շահագործումն է վտանգում ՀՀ բնապահպանությունը: Այն, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործումն է վտանգավոր` բնապահպանական տեսնակյունից, կարծում է հարցվածների 23.9 տոկոսը:

«Գելափ»-ը հետաքրքրվել է նաև` ներկայումս Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բողոքի ակցիաներ են իրականացվում, ի՞նչ են կարծում, կառավարությունն ի՞նչ լուծում կտա խնդրին: Ի պատասխան՝ հարցվածների գերակշիռ մասը՝ 28 տոկոսը, նշել է, որ հանքը պետք է փակվի, իսկ 26.5 տոկոսի կարծիքով՝ հանքը պետք է շահագործվի՝ հարակից համայնքներին տրամադրելով ավելի շատ օգուտներ: 18.9 տոկոսի կարծիքով՝ հանքը պետք է շահագործվի համայնքի բնակիչների ակտիվ մոնիթորինգի ներքո, իսկ 5.2 տոկոսի կարծիքով էլ՝ հանքը պետք է շահագործվի այլ` տեղական ընկերության կողմից: