Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է ամեն ինչ անել ԵՄ-ի հետ համաձայնագրի հասնելու համար, նաև հերթական անգամ հայտարարել է, որ իր կառավարությունը Եվրամիությանը չի խնդրի Brexit-ն ավելի ուշ ժամկետ տեղափոխել. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես հոկտեմբերի 17-ին կմասնակցեմ ԵԽ գագաթնաժողովին և ամեն ինչ կանեմ հանուն ազգային շահերի համաձայնագրի հասնելու համար, բայց այս կառավարությունը Brexit-ի ժամկետը չի երկարաձգի»,- հայտարարել է նա՝ երեքշաբթի հերթական պարտությունը կրելով խորհրդարանական գործընկերներից:
Վարչապետի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը ստացել էր 293 խորհրդարանականի աջակցությունը, մինչդեռ ընդունվելու համար անհրաժեշտ էր 434 ձայն:
Այս պահին Brexit-ի շուրջ իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաև կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ին: Եվրամիությունը հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը:
Վարչապետը պնդում է, որ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի: Ջոնսոնը 2 անգամ ներկայացրել է արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ, և խորհրդարանը երկու անգամ էլ այն մերժել է:
Այսօրվա քվեարկությունը նշանավորում է խորհրդարանի աշխատանքի ավարտը Ջոնսոնի նախաձեռնած ընդմիջումից առաջ: Պատգամավորներն ընդամենը մի քանի օր ունեին, որ փորձեին թույլ չտալ հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն առանց համաձայնագրի: Արդյունքում՝ պատգամավորները ժամանակը բաշխել են առավելագույնս արդյունավետ. նրանք մի քանի օրում օրինագիծ են անցկացրել, որը վարչապետին պարտավորեցնում է Եվրամիությանը խնդրել Brexit-ի ժամկետի եռամսյա երկարաձգման մասին, եթե հոկտեմբերի 19-ին երկրի դուրս գալու պայմանների մասին նոր համաձայնագիր չլինի:
«Ես Համայնքների պալատին կոչ էի անում վստահել ժողովրդին, բայց ընդդիմությունը կարծում է, թե ամեն բան ավելի լավ գիտի։ Նրանք ցանկանում են, որպեսզի Բրիտանիայի վարչապետը գնա կենսականորեն կարևոր բանակցությունների՝ դրանցից հեռանալու իշխանություն չունենալով։ Նրանք կրկին ցանկանում են երկարացնել Brexit-ը՝ ուշադրություն չդարձնելով նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին, և Բրյուսելին շաբաթը լրացուցիչ 250 միլիոն ֆունտ սթերլինգ տալ՝ առանց որևէ իմաստի»,- ասել է Ջոնսոնը՝ մեկնաբանելով գործընկերների որոշումը։
Երկրի վարչապետը պնդում է, որ երկարացման մասին չի խնդրելու։ Թե ինչպես է պատրաստվում շրջանցել օրենքը, առայժմ պարզ չէ։