կարևոր
3850 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 17:12
Քաղաքական

Ես էն մարդը չեմ, որ գամ դատարան՝ ձեզնից ազատություն խնդրելու․ Գերասիմ Վարդանյան

Ես էն մարդը չեմ, որ գամ դատարան ձեզնից ազատություն խնդրելու։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

«Այս ամեն ինչը, ինչ որ կա ու կատարվում է, սա պայքար է՝ հայրենիք ու պետականություն ունենալու պայքար, Արցախ ու Սյունիք ունենալու պայքար է։ Ես ու իմ ընկերները գիտակցված մտել ենք այդ պայքարի մեջ, գիտակցած գնալու ենք մինչև վերջ։ Մենք ամեն ինչ անելու ենք Արցախի, Սյունիքի ապագան փրկելու համար»,- ասաց ՀՅԴ անդամը՝ ավելացնելով, որ դատավորից  ոչ ազատություն է ակնկալում, ոչ էլ՝ խնդրում, որոշումը թողնում է դատավորին և նրա խղճին։ 

«Վերջին  տարիների ընթացքում ինձ կալանքի տարած դատավորները համարձակություն, տղամարդկություն, վճռականություն են ունեցել մերժելու իշխանության պատվերը ինձ կալանավորելու, դուք ևս հնարավորություն ունեք դասվել այդ դատավորների շարքին։ Էս ամբողջ թատրոնը բեմականացնողներն ու կազմակերպողները վաղ թե ուշ պատասխան են տալու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս նիստին դատարանը քննության է առնելու նաև Գերասիմի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։