Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գազի հանձնաժողովում բացարձակապես որևէ խնդիր չկա:
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել էր, թե գազի հանձնաժողովում խնդիր կա, որովհետև ՀՀԿ-ն դիմադրում է և չի ցանկանում հրապարակել միջանկյալ եզրակացություն:
Վարդան Այվազյանը հակադարձեց, որ միակ խնդիրը նյութի ծավալն է, որը պետք է ուսումնասիրվի: Նա նշեց, որ միջանկյալ եզրակացություն չի լինելու, այլ լինելու է հաղորդում, որով ցանկանում են ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել, որովհետև ստացվել է մոտ 2000 էջանոց փաստաթուղթ: Դա պետք է ուսումնասիրել, և ուսումնասիրության ժամանակ էլ առաջանում են հարյուրավոր հարցադրումներ:
Նշենք, որ հանձնաժողովը պետք է ավարտեր իր աշխատանքները հինգերորդ նստաշրջանի ավարտին:
«Կազմվել է հարցաշար` 110 հարցով, բայց առաջ են գալիս նորանոր հարցեր: Միջանկյալ հաղորդում կներկայացնենք, և քաղաքական ուժերի հետ եկել ենք այն համաձայնության, որ հանձնաժողովը պետք է երկարացնի իր գործունեության ժամկետը մինչև վեցերորդ նստաշրջանի ավարտ, այսինքն` մինչև տարեվերջ»,- ասաց Վարդան Այվազյանը:
Yerkir.am-ի հարցին` եղած տեղեկատվության հիման վրա կարելի՞ է ասել, որ բացահայտվում են մութ գործարքներ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ չի ցանկանում նախօրոք որևէ բան ասել, սակայն նախնական հաղորդման ժամանակ կհնչեցվեն հարցադրումներ: «Հարցադրումները, հավատացեք, շատ-շատ են»,- ասաց նա: