Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրֆայի (Եդեսիա) Հալիլիյե գավառի Գերմուշ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջնականապես փլուզվելու վտանգի տակ է։
Աղբյուրի համաձայն՝ Ուրֆա քաղաքից 10 կմ հեռու գտնվող և, ենթադրաբար, 19-րդ դարում կառուցված սույն վանքը, իշխանությունների անտարբերության հետևանքով, ավերակի է վերածվել։ Հայկական եկեղեցու հենց կողքին գտնվող մյուս հոգևոր կառույցը լիովին անհետացել է, իսկ Գերմուշի եկեղեցին հազիվ է կանգուն մնում։
Եկեղեցու վերականգման վերաբերյալ Հալիլիյե գավառապետարանի կողմից ներկայացված նախագիծը թեև անցյալ տարի հաստատվել է, սակայն մինչ օրս միայն եկեղեցու շուրջն են էլեկտրական սյուներ կանգնեցվել։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ եկեղեցին պարբերաբար ենթարկվում է գանձագողերի ավերածություններին և օրըստօրե ավելի վատ վիճակում հայտնվում։
Գերմուշի հայկական եկեղեցին, դեռևս 2011 թ․ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության առաջարկով և Նախարարների խորհրդի որոշմամբ հռչակվել է որպես «Զբոսաշրջության զարգացման կենտրոն»։ Թեև արդեն բավականին երկար ժամանակ է անցել, սակայն որևէ աշխատանք չի կատարվել այդ ուղղությամբ։ Եկեղեցու շուրջ բացված անհամար փոսերը մեծ վնաս են հասցնում այս պատմական կառույցին։
Եկեղեցու մոտակայքում բնակվող Ջասըմ Աջարը թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ անցյալում սույն թաղամասում 900 տուն է գտնվել, որոնցից հազիվ 4-5 տուն է մնացել։ Իսկ Ուրֆայի Տուրիստական ուղեկցորդների միության նախագահ Մյուսլյում Չոբանը ցավով հայտնել է, որ եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է։
Թուրքական լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ 1915 թ․ առաջ Ուրֆայի ամենամեծ գյուղը եղած Գերմուշում, նշյալ եկեղեցուց բացի, եղել է նաև մի հայկական դպրոց՝ 100-ից ավել աշակերտներով, իսկ գյուղի շուրջ պահպանվել են հին վանքի ավերակներ։ Հայտնի է նաև, որ սույն գյուղը նախքան Ցեղասպանությունն ուներ 800 տուն բնակչություն, իսկ հիշյալ եկեղեցին վերականգնվել էր 1881 թ․, Հակոբ Արդվիսյանի կողմից։
Գյուղի շուրջ առկա հին վանքերի անունները եղել են Սուրբ Հովհաննես, Սուրբ Թադևոս, Սուրբ Հակոբ և Սուրբ Մինաս։ Սույն գյուղում, բացի այս եկեղեցուց, եղել են ևս 2 հայկական եկեղեցիներ, որոնք բոլորն էլ օգտագործվել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերի կողմից։
Վերջում թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքն այս գյուղը հատկացրել է համիդիյե գնդի հրամանատարներից Սյումեր փաշային, և որ ներկա պահին այն գտնվում է Սյումեր փաշայի ժառանգորդների ձեռքին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net