Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրֆայի (Եդեսիա) Գերմուշ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական պատմական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է։ Թեև 2018 թ․ եկեղեցին ընդգրկվել է Հալիլիյեի գավառապետարանի նյութական աջակցության ծրագրում, սակայն առ այսօր ոչ մի աշխատանք չի իրականացվել եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, թուրքական «Դուվար» պարբերականում գրում է Ֆաթմա Քեբերը։
Ըստ աղբյուրի՝ ենթադրաբար 19-րդ դարում կառուցված սույն եկեղեցու գմբեթի մի մասը քանդվել է։ Այն ենթարկվում է ժամանակի և ապօրինի պեղումներ կատարող գանձագողերի ավերածություններին։
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Ուրֆայի շրջանային տուրիստական զբոսավարների պալատի նախկին նախագահ Մյուսլյում Չոբանը շեշտել է, որ հարկ է եկեղեցին ժամ առաջ վերականգնել՝ զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ։ Նա նաև ընդգծել է այս եկեղեցու՝ Պորտասար (Գյոբեքլիթեփե) տանող ճանապարհի վրա գտնվելու փաստի կարևորությունը։
Թուրք զբոսավարը նաև նշել է, որ տվյալ շրջանում գտնվող գրեթե բոլոր եկեղեցիները վերածվել են մզկիթի։ Նախկինում այստեղ 2 եկեղեցիներ են եղել, որոնցից մեկը համարյա լիովին վերացել է։ Այդ եկեղեցուց հետք անգամ չի մնացել։ Դրա համար, Մյուսլյում Չոբանի կարծիքով, իրավասուները պետք է հնարավորինս արագ վերականգնեն հայկական Սուրբ Աստվածածինը։
Թուրքալեզու պարբերականը հրապարակման մեջ նաև հիշեցնում է, որ սույն հայկական եկեղեցու վերականգնման հարցը այս տարվա սեպտեմբերին բարձրացվել էր նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Այդ մասին թուրքական խորհրդարանում խոսել էր Ժողովրդահանրապետական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi / CHP) պատգամավոր Մահմուդ Թանալը։
Նա մասնավորապես հարց էր ուղղել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ Ուրֆայի Հալիլիյե գավառում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին չպահպանվելու հետևանքով ավիրվել է։ Մահմուդ Թանալը Նուրի Էրսոյից նաև պահանջել էր պատասխանել հետևյալ հարցերին․
«-Արդյոք աշխատանքներ իրականացնու՞մ եք՝ անհետանալու կետին հասած Գերմուշի եկեղեցին անմիջապես պահպանության տակ վերցնելու ուղղությամբ։
-Այդ աշխատանքները ե՞րբ են կյանքի կոչվելու։ Եթե նման աշխատանքներ չեն արվում, եթե եկեղեցին պահպանության տակ չի վերցվել, պարզ չէ՞, որ պատմական և մշակութային կորուստներ են լինելու, որոնք անհնար կլինի վերականգնել»։
Հրապարակման վերջում թուրքական պարբերականը հաղորդում է, որ բացատրություն ստանալու ակնկալիքով դիմել է նաև Հալիլիյե գավառապետարան, սակայն այստեղի իրավասուները կցկտուր պատասխաններ են տվել հայկական եկեղեցին վերանորոգելու վերաբերյալ։
https://www.gazeteduvar.com.tr/tarihi-kilise-bakimsizliktan-harabeye-dondu-haber-1655829
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net