կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 20:59
Տարածաշրջան

Սեբաստիայի Գյուրյուն գավառի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին գործելու է թանգարանի կարգավիճակում

Սեբաստիայի Գյուրյուն գավառի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին գործելու է թանգարանի կարգավիճակում

Սեբաստիայի (թուրք․ անվանումը՝ Սվաս) Գյուրյուն գավառում 19-րդ դարի սկզբներին կառուցված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, Թուրքիայի մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության կողմից վերականգնվելուց հետո, հանձնվելու է Գյուրյունի գավառապետարանին և օգտագործվելու է որպես թանգարան. ըստ Yerkir.am-ի այդ մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ տվյալ շրջանի ամենամեծ եկեղեցիների շարքին դասվող Սուրբ Աստվածածինը, ըստ Գյուրյունի գավառապետ Նամի Չիֆթչիի, վերանորոգվելու է Թուրքիայի մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության տրամադրած 3 միլիոն 984 հազար թուրքական լիրա գումարով։

Եկեղեցին մի ժամանակ օգտագործվել է նաև որպես բանտ, կինոթատրոն, պահեստ և հարսանյաց սրահ։ 2․615 քմ տարածք ունեցող եկեղեցին, վերականգնվելուց հետո, վերածվելու է քաղաքային թանգարանի և կատարելու մշակութային միջոցառումների սրահի գործառույթ։

Գյուրյունի գավառապետը նաև հույս է հայտնել, թե այդ ամենի շնորհիվ գավառը մեծապես կշահի, և թանգարանի վերածված հայկական եկեղեցու միջոցով տվյալ շրջանում կզարգանա զբոսաշրջությունը։

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունից հետո ավերակների վերածված բազմաթիվ հայկական վանքերն ու եկեղեցիները շարունակում են մնալ վերջնականապես անհետանալու վտանգի տակ։ Թուրքական պետության կողմից վերանորոգվող հատուկենտ եկեղեցիների մեծ մասն էլ, վերականգնվելուց հետո, հիմնականում այլ գործառույթներ է կատարում։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net