Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծման դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` ժամը 21:00-ի սահմաններում, աշխատակիցները մինչև գիշեր մաքրել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ նշելով, որ չի կարող ասել, թե ովքեր են եղել, դա կպարզեն իրավապահ ծառայությունները:
Ըստ նրա՝ նախնական տպավորությամբ հալված, տաք վիճակում գտնվող մոմը բերել են, մի քանի րոպեում շաղ տվել գերեզմանաքարերի վրա ու արագ հեռացել:
Գևորգ Ալթունյանը նշեց, որ տարածքը հսկվում է, բայց ամեն ինչը տևել է մի քանի րոպե: «Տարածքը չի փակվում, ցանկացած մարդ կարող է ցանկացած ժամի գալ և գնալ, ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել, դա աբսուրդ է: Հիմա քննարկում ենք մի բան, որը բանականության շրջանակից դուրս է, այսինքն՝ խելագարության կանխավարկած կլինի, ոնց անենք, որ բացառենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի տեսահսկման համակարգերը տեղադրվեն, վերահսկողական ծառայությունն ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք է գտնել մարդկանց, որոնք արել են, և հասկանալ՝ ինչո՞ւ են արել»,-ասաց նա: