կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 16:27
Հասարակություն

Ոչ մի թուղթ չեմ ստորագրի, բայց պապիլոմայի դեմ պատվաստումն անհրաժեշտություն է. Լևոն Ալթունյան

Ոչ մի թուղթ չեմ ստորագրի, բայց պապիլոմայի դեմ պատվաստումն անհրաժեշտություն է. Լևոն Ալթունյան

Պապիլոմայի դեմ պատվաստանյութը մեզ ոչ թե տրամադրել է ինչ-որ երկիր ու ստիպել այն պարտադիր կերպով գնել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է առաջարկել. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հավաստիացրեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե վախ չկա՞` պատվաստանյութի կիրառման հետ կապված:

Ըստ նախարարի՝ «Գարդասիլը», մինչ Հայաստան ներմուծվելը, հետազոտվել է Հոլանդիայում և ստացել սերտիֆիկատ: Ալթունյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն անցկացրել է լրացուցիչ հետազոտություն:

«Պետք է փաստեմ, որ պատվաստվելուց հետո ոչ մի կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել, բացի սրսկման տեղում ցավի զգացողությունից: Պատվաստումը մեզ թույլ կտա խուսափել արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 70 տոկոսից, իսկ 30 տոկոսի դեպքում կփորձենք այն ավելի շուտ հայտնաբերել և կանխարգելել: Այսինքն` դրան զուգահեռ, պետք է նաև շարունակենք սքրինինգային ծրագրերը. հնարավոր չէ անջատել սքրինինգային ծրագրերը պատվաստումներից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պատվաստանյութը պայքարելու է պապիլոմա վիրուսի 16 և 18 շճատիպերի դեմ, որոնք էլ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման 70-71 տոկոսի պատճառ են:

Նրա խոսքով՝ Հայաստանում 100 000 կնոջից արգանդի վզիկի քաղցկեղ կա 15-ի մոտ, և իրենք ձգտում են հասնել Ֆինլանդիայի արդյունքին, որտեղ 100 000-ից 1-ի մոտ է քաղցկեղ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին` պատրա՞ստ եք ստորագրել մի փաստաթուղթ, որ եթե պատվաստումները կողմնակի ազդեցություն ունենան, Դուք քրեական պատասխանատվությունից չեք խուսափի, նախարարը պատասխանեց, որ հարցը պրովոկացիոն է: «Ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի, բայց կարող եմ ասել, որ պատվաստումն անհրաժեշտ է Հայաստանում»,- հավելեց նա:

Մեկ այլ հարցի` նախարարը կպատվաստի իր աղջկան կամ այլ հարազատների, պատասխանեց` միանշանակորեն: