կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 16:30
Հասարակություն

Աշակերտները պատվո պահակ էին կանգնել հորդառատ անձրևի տակ

Աշակերտները պատվո պահակ էին կանգնել հորդառատ անձրևի տակ

Հայտնի է, որ, ԿԳ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ապրիլի 1-23-ը` ժամը 10-18-ը,  աշակերտները հերթափոխով կանգնելու են հուշակոթողի մոտ:

 

Նախաձեռնությունը հենց սկզբից ոգևորությամբ ընդունվեց հանրության, մասնավորապես` աշակերտների շրջանում:

 

Այսօր էլ համալիրում հերթապահություն էին իրականացնում Երևանի դպրոցներից մեկի աշակերտները: Ուշագրավ է, որ հերթափոխն իրականացնող պատանիներն անշարժ կանգնել էին անգամ այն ժամանակ, երբ հորդ անձրև էր տեղում: Այդպես նրանց հրահանգված էր: Աշակերտների դեմքերի դժգոհ արտահայտություներին ի պատասխան՝ ուսուցիչը նրանց հրահանգեց ձայն չհանել, չժպտալ՝ ասելով, որ ոչինչ՝ ինքն էլ է թրջվում:

 

Նշենք, որ պահակ կանգնած կիսաշրջազգեստներով աղջիկները, թեև կրում էին նման պայմանների համար նախատեսված հատուկ համազգեստ, սակայն ոտքերն ամբողջությամբ թրջվել էին: Եթե մյուս օրերին էլ հերթապահությունն ընթանա նման խիստ պայմաններում, միջոցառման նկատմամբ ԿԳ նախարարի բնորոշած` աշակերտական պոռթկումը, ցանկությունն այլևս չի նկատվի: Ավելին` նման պայմաններում մեծ է պատանիների հիվանդանալու հավանականությունը:

 

Կարծում ենք ՝ անձրևի տակ աշակերտների կանգնելը (շատերն իրենց ցանկությամբ են ընդգրկվել) արկածախնդրություն է, իսկ նրանց պարտադրելը՝ անխղճություն: Լավ կլիներ միջոցառման կազմակերպիչները վերանայեին պահակ կանգնելու կարգն ու եղանակային պայմանների դեպքում բացառություններ անեին: Օրինակ՝ գոնե անձրևանոցով կանգնելու հնարավորություն տային: