կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-27 23:17
Հասարակություն

Ի հարգանս նախնյաց. Աղբերքում բացվել է տեղահանված խաչքարերի պուրակ

Ի հարգանս նախնյաց. Աղբերքում բացվել է տեղահանված խաչքարերի պուրակ

«Տեղահանված խաչքարերի հավաք» ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում տեղի է ունեցել տեղահանված միջնադարյան խաչքարերի համար նախատեսված պուրակի բացման արարողությունը, որի ժամանակ ներկայացվել է նաև նաև ծրագրի շրջանակներում պատրաստված գրքույկը:

Մտահաղացման հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը, ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակները, շեշտել է, որ այն նպատակ ունի տեղահանված խաչքարերի համար նախատեսված պուրակներ հիմնել Հայաստանի Հանրապետության նախկին ադրբեջանաբնակ այն գյուղերում, որտեղ ադրբեջանցիները խորհրդային տարիներին «եղբայրաբար» ոչնչացրել են հայկական միջնադարյան գերեզմանոցները, իսկ խաչքարերը որպես շինանյութ գործածել տարբեր կառույցների որմերում և հիմքերում:

Աղբերք գյուղում (մինչև 1988 թ. ադրբեջանաբնակ, ներկայումս բնակչության մեծամասնությունը  1988-1992 թթ. Հյուսիսային Արցախից և Արծվաշենից բռնագաղթված հայերն են) ծրագրի շրաջանակում բնակիչները պահպանման նպատակով հավաքել այն խաչքարերի բեկորները, որոնք հայտնաբերվել են գյուղի տարբեր շինությունների որմերում: Վերջին տարիներին գյուղում հայտնաբերվել է 5 խաչքար և խաչքարներների բազմաթիվ բեկորներ:

Պուրակում տեղադրված հուշատախտակում գրված է. «Աղբերք գյուղի հայկական պատմական գերեզմանոցն ավերվել էր եկվոր ադրբեջանցիների կողմից, իսկ խաչքարերը, որպես շինանյութ, գործածվել նրանց տների և գոմերի որմերում: 1988 թ. հետո գյուղում վերաբնակված հայերի ջանքերով խաչքարերը 2019 թ. հավաքվեցին այս պուրակում՝ ի հարգանս նախնյաց»:

Ծրագիրը իրականացվել է «Դեպի Հայք» հիմնադրամի հովանավորությամբ և ՀՃՈւ հիմնադրամի աջակցությամբ: