կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 12:35
Արցախ

Շուշիում բացվել է Լոս Անջելեսի հետ բարեկամության պուրակ

Շուշիում բացվել է Լոս Անջելեսի հետ բարեկամության պուրակ

Օրերս Շուշիում տեղի է ունեցել Շուշի և Լոս Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը. հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից:

 

Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած` Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր:

 

Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը:

 

Ելույթ ունեցողներն ընդգծել են Լոս Անջելես և Շուշի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին 2012 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով սկիզբ առած համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:

 

Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավարը իր խոսքում նշել է, որ Շուշի և Լոս Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացումը երախտագիտության նշան է Լոս Անջելեսի բնակիչների և իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

 

 Պուրակի բացման արարողության ավարտին Շուշիի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանին է հանձնվել Շուշիի քաղաքային խորհրդի հայտարարությունը, որով Շուշի քաղաքի իշխանությունները ողջունում են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը և իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ զարգացնել բարեկամական կապերը երկու քաղաքների միջև:

 

Կողմերը քննարկել են նաև համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու հնարավորությունները: