կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-02 10:57
Հասարակություն

Անդրադարձ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում ոչնչացվող հայկական մշակութային ժառանգությանը։

Պարբերականը ներկայացնում է, որ Ադրբեջանը փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ տասնյակ հազարավոր քարե «կտավները», որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից:

Միևնույն ժամանակ վկայակոչվում է Hyperallergic արվեստի ամսագրի փետրվարյան ծավալուն զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիներին հայկական պատմական ժառանգության համակարգված բնաջնջում է իրականացնում:

«Ըստ հեղինակների՝ այս պաշտոնական, բայցև քողարկված մշակութային ու կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,- վստահեցնում է The Guardian-ը:

Զեկույցի համահեղինակներից Սիմոն Մաղաքյանն այն պիտակավորում է որպես «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանություն»: Նա մեծացել է իր հոր մասին պատմություններով, որն այցելել էր Ջուղա անվանմամբ գեղեցիկ և զարմանահրաշ վայրը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենը, ինչ մնացել էր Ջուղայի շուրջ 10000 խաչքարերից: