Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱԼԻՔ», Ա. Է. - «Տիգրանով իմ սերունդը իր խօսքն է խօսում նորոգ ու նորօրեայ մշակոյթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտաւոր էր լինելու»,- այսպէս է ասել Հրանտ Մատթէոսեանը Տիգրան Մանսուրեանի մասին:
Թերեւս համր կը լինէր նաեւ մեր ժամանակակից երաժշտական արւեստը առանց մանսուրեանական ստեղծագործ մտքի եւ նրա բազմաոճ ստեղծագործութիւնների, որոնցից իւրաքանչիւրը իմաստաւորւած է եւ իմաստաւորեց նոյնիսկ հայկական ֆիլմաշխարհը:
Իր արւեստի պէս մաքուր, ջինջ ու ազնիւ մարդ է Տիգրան Մանսուրեանը, որի 80-ամեայ յոբելեանը մեծ շուքով նշում է Հայաստանը ու աշխարհասփիւռ հայութիւնը:
Հէնց նրա 80-ամեակին էր նւիրւած երէկ «Վահդաթ» դահլիճում կայացած համերգային երեկոն: Տաղանդաւոր երաժշտագէտի հետ հանդիպումը բացառիկ ժամեր պարգեւեց հանդիսատեսին եւ դահլիճը լցւեց ու լիացաւ Մանսուրեանի գերմարդկային բարութեամբ: Նրա ներկայութեան ու ոգու բարութեան խօսող վկաները բեմում հնչող ստեղծագործութիւններն էին, որոնք երաժշտասէր հասարակութեանը ներկայացրեց Հայաստանի Պետական կամերային երգչախումբը՝ ղեկավարութեամբ մայեստրօ Ռոբերտ Մլքէեանի:
Տիգրան Մանսուրեանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ոճերում՝ ունի նւագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ ստեղծագործութիւններ, բայց լայն հասարակութիւնը առաջին հերթին ճանաչում ու սիրում է ֆիլմերի համար գրած նրա հոգեթով երաժշտութիւնը:
Երէկ բեմում հնչեցին մեծ արւեստագէտի երաժշտական այն գոհարները, որոնք Տիգրան Մանսուրեանը ստեղծել է հայանուն հանճարեղ բանաստեղծների՝ Յովհ. Թումանեանի, Աւ. Իսահակեանի, Չարենցի, Կ. Զարեանի խօսքերի հիման վրայ:
Աւելի քան երկու ժամ հանդիսատեսը ակնդէտ հետեւում էր իւրաքանչիւր հնչիւնի կատարողականութեանը եւ նոյն ապրումներով վերջում ծափահարում:
Երգչախմբի կատարումներին զուգահեռ Արտոյտ Զոհրաբեանը նախ ներկայացնում էր բանաստեղծին, ապա նրա ստեղծագործութիւնից ընթերցում հատւածներ:
Դասական այս երեկոյի բացման խօսքում մայեստրօ Ռազմիկ Օհանեանը նշեց, որ այս տարի նշւում է Տիգրան Մանսուրեանի 80-ամեայ յոբելեանը եւ յաւելեց, որ մեծ պատիւ է այդ առիթով մեծանուն երաժշտագէտի ներկայութիւնը այսօր այս դահլիճում: Խօսքի աւարտին նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ օպերետային դահլիճի տնօրինութեանը:
Իսկ վերջում. վերջում բեմ բարձրացաւ Տիգրան Մանսուրեանը, ով թէ՛ յուզւած էր, եւ թէ՛ ոգեւորւած: Նա իր հոգու պէս զուլալ խօսքով յայտնեց իր երախտագիտութիւնը բոլոր նրանց, ում ջանքերով կազմակերպել էր այս հրաշալի համերգային երեկոն: Մայեստրօն իր խօսքում անդրադարձաւ նաեւ հայ-իրանական դարաւոր բարեկամութեանը, մշակութային սերտաճած կապերին ու հարուստ ժառանգութեանը, որի կրողն են հէնց երկու ժողովուրդները:
Հանդիսատեսը, ով ողջ էութեամբ ներծծւեց այս երաժշտական գոհարների շնչեղութեանն, տարրերով յոտնկայս երկար ժամանակ ծափահարում էր ու նոյն տպաւորութեամբ էլ թողեց դահլիճը: