կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 15:20
Մշակույթ

Շարունակում ենք Չարենցին թերի ներկայացնել. այսօր մեծանուն գրողի ծննդյան օրն է

Շարունակում ենք Չարենցին թերի ներկայացնել. այսօր մեծանուն գրողի ծննդյան օրն է

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ չարենցյան հրատարակումները յուրովի ամբողջացնում են չարենցյան որոնումները: Ըստ նրա` Չարենցի անձի, ստեղծագործությունների շուրջ բազմաթիվ մութ կետեր, առեղծվածներ կան, և այդ պատճառով մինչ օրս Չարենցի մասին կան գրքեր, որոնք «կալանքի» տակ են /օրինակ` Դավիթ Գասպարյանի գիրքը/:

 

«Այս պահին ակադեմիական հրատարակության, այո, պատրաստ չենք, բայց կարծում եմ, որ պետք է հրատարակվի չարենցյան հստակ ժողովածու՝ հասարակության լայն շերտերի համար: Չնայած պետք է խոստովանեմ, որ Չարենց հրատարակելը բարդագույն աշխատանք է, քանի որ դու միայն տեքստ չես տպում: Գիտե՞ք` անկախության շրջանում Չարենցի տպագրված գրքերը մատների վրա կարելի է հաշվել»,- ասում է գրականագետը:

 

Ըստ նրա` Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունները հրատարակելու հետ կապված նույնպես մինչ օրս խնդիրներ են առաջանում. այն գրքերը, որոնք տպագրվում են, մի շարք բառեր ուղղակի բաց են թողնում, որը տեքստաբանության տեսանկյունից սխալ է: Գրականագետի կարծիքով` անհրաժեշտ է այդ գործերը տպագրել այնպես, ինչպես դրանք գրված են, բայց` սահմանափակ տպաքանակով:

 

«Չարենցագիտությունն ընդունված փաստերը վերաճշգրտելու կարիք ունի: Մենք շարունակում ենք թերի ներկայացնել Չարենցին` շեշտը դնելով նրա սիրուհիների, նրա շուրջ պտտվող պատմությունների վրա, այնինչ` Չարենցն ունի վերլուծելու անսպառ նյութ: Չարենցի ստեղծագործությունների մասին մեր պատկերացումները սարսափելի սահմանափակ են, «Տաղարանի», «Ծիածանի», «Ես իմ անուշ Հայաստանի»-ից դուրս ոչինչ չգիտենք»,- ասում է Նիկողոսյանը:

 

Նրա բնորոշմամբ` իսկական Չարենցը Չարենցի յուրաքանչյուր տողում կարելի է գտնել, և եթե շատ, ամբողջական կարդանք Չարենց` նրա ոչ մի արարքը մեզ համար տարօրինակ չի լինի: «Ասում են` Չարենցը խենթ գրող էր, ինչքանո՞վ ենք տիրապետում Չարենցի խենթությանը, չէ՞ որ այդ բնորոշումները զուտ խոսքեր չեն»,- ասաց Նիկողոսյանը:

 

Գրականագետն առաջարկում է, որ գոնե այսօր` պոետի ծննդյան օրը, յուրաքանչյուրս 10-ական բանաստեղծություն կարդանք:

 

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ  նշեց, որ սովորաբար Չարենցի ծննդյան օրը նրան ուղղված մեծարման խոսքեր են ասում, և քանի որ այսօր նման խոսքեր շատ կհնչեն« ավելի լավ է որոշ փաստեր ներկայացնի: Ըստ նրա` Չարենցի նյութերի պեղանքը տասնամյակներ շարունակ նեղ է եղել, քանի որ մինչ օրս էլ մի շարք նյութեր ոչ միայն պահվում են Հայաստանից դուրս, այլև այնպիսի արխիվներում են, որոնք հասանելի չեն մեզ:

 

«Հետազոտություններ են կատարվել, որոնք պարզել են, թե դեռ 30-ական թվականների սկզբից Չարենցը գտնվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուշադրության ներքո, և երբ նա հանդիպումներ է ունեցել այս կամ այն մարդու հետ, այդ ամենը սղագրվել է և ներկայացվել նրանց, ում հարկն է: Այժմ այդ ամենը Ռուսաստանում է` չհաշված այն ամբողջ թղթերը, որոնք Բաքվի արխիվներում են, քանի որ Չարենցն ապրել է Բաքվում, թերթ հրատարակել: Իտալիայի ցուցասրահներից մեկում էլ Չարենցի դիմանկարն է կախված, որի հեղինակի մասին էլ ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց գրականագետը:

 

Չարխչյանի հավաստմամբ` Ռուսաստանում գտնվող` Չարենցի հայրական տունն անմխիթար վիճակում է, վերջերս հանձնվել է մասնավոր հատվածին, որտեղ ոչ միայն հարսանյաց սրահ է բացվել, այլև ինչ-որ արտադրություն է իրականացվում:

 

Ինչ վերաբերում է Չարենց կարդալ և ընկալելուն, Չարխչյանի կարծիքով, յուրաքանչյուրը պետք է զգա դրա կարիքը, որ կարդա ու ընկալի, պետք չէ ստիպել Չարենց կարդալ:

 

Այս մտքի հետ, սակայն, Արքմենիկ Նիկողոսյանը չհամաձայնեց` նշելով, որ ինքը կպարտադրեր կարդալ Չարենց: «Կուզեի Չարենցի «Գիրք ճանապարհին» կարդային հատկապես իշխանության ներկայացուցիչները, որ իմանան, թե ինչպես է պետք պետություն կառուցել»,- ասաց նա: