Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԼԻՔ», Կ. Դ.- Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ձեռնարկների շարանում «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, ապրիլի 27-ի երեկոյեան Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում միջոցառում էր կազմակերպւել պարսիկ պետական հիւրերի ներկայութեամբ:
Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Սարինէ Թորոսեանը:
Իր ելոյթի ընթացքում, նա պատմական ակնարկ նետելով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը նշեց.
«Այն, ինչ պատճառ է դառնում, որ մենք իւրաքանչիւր տարի համայն աշխարհին վերյիշեցնենք այս ոճրագործութիւնները, այդ ոճրագործութիւնների անպատիժ մնալն է ու դրանց կրկնւելը այսօր»: Նա շարունակեց. «Այդ ոճրագործութիւնների անպատիժ մնալու հետեւանքով, Թուրքիան 2020 թւականին ելնելով իր պանթուրքիստական նկրտումներից, սկսեց դրդել Բաքւին, եւ Բաքւի զինւորականների ու Թուրքիայից փոխադրւած թաքֆիրականների ձեռքով, կրկնել ոճրագործութիւնները, այս անգամ Արցախում»: Նա նաեւ ընդգծեց, որ Թուրքիան ոչ միայն ահաբեկչական խմբեր է փոխադրել Բաքու, այլ՝ 2020 թւականի Ղարաբաղեան պատերազմից յետոյ, Արցախի բռնագրաււած տարածքներում բնակեցրել է նրանց, եւ միաժամանակ հիմք է դրւել սիոնիստական բազաների, որոնք ոչ միայն սպառնալիք են Հայաստանի համար, այլ նաեւ սադրիչ գործողութիւններ են ձեռնարկում Իրանի դէմ:
Միջոցառումը յագեցած էր բանախօսական-գեղարւեստական կատարումներով, որպէս առաջին բանախօս հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Ասպրամ Կրպէյեանը: Իր ելոյթի ընթացքում, նա նշեց. «1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից անցել է 108 տարի: Մեր երկու հարեւանների ցեղասպանական քաղաքականութիւնը չի փոխւել, ընդհակառակն, այն նոր ձեւեր է ստացել: Այս ընթացքում ֆիզիկական բնաջնջումից թուրքական կառավարութիւնն անցել է սպիտակ ցեղասպանութեան»:
Նա այսպէս շարունակեց. «1921թ.-ի յուլիսի 5-ի տխրահռչակ որոշումից յետոյ, երբ ԼՂԻՄ-ը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եւ Նախիջեւանի Հանրապետութիւնը ապօրինաբար տրւեց Ադրբեջանին, որպէս դրա տարածքներ, դրանից յետոյ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանն իրականացրեց հետեւողական ցեղասպանական քաղաքականութիւն ուղղակի եւ անուղղակի՝ այսինքն՝ «սպիտակ ցեղասպանութիւն»:
Բանախօսը ընդգծեց. «Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանական նկրտումները բացայայտ կերպով գործի դրւեցին՝ նախաձեռնելով 2020 թւականի աշնանային ագրեսիան:
Նոյեմբերի 9-ի հրադադարից յետոյ այդ նկրտումները չեն զսպւել, ընդհակառակը, տպաւորութիւն է, որ դրանով Ադրբեջանի ձեռքերն աւելի են ազատւել»:
Իր ելոյթի աւարտին Ասպրամ Կրպէյեանը նշեց. «Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի օրը, ես կոչ եմ անում բոլոր գիտակից ու խոհեմ, քաղաքակիրթ մարդկանց՝ անկախ կրօնական, սեռական եւ հասարակական պատկանելութիւնից, ամենուր դատապարտել ցեղասպանութիւնը, դրա տարբեր արտայայտութիւնները, որոհետեւ դա չանելով այսօր ուրիշի հանդէպ, ստիպւած կը լինենք ստանալ այն իւրաքանչիւրիս երկրում եւ տանը վաղը»:
Յիշատակի միջոցառումը մէկտեղւած էր փաստավաւերագրական տեսաֆիլմի ցուցադրութեամբ:
Օրւայ երկրորդ բանախօս էր հրաւիրւել իրանցի միջազգային յարաբերութիւնների փորձագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Էհսան Մովահեդեանը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց, «Կատարելապէս սխալ է այն տեսակէտը, որ ժամանակավրէպ է Հայոց Ցեղասպանութիւնը, քանի որ այսօր Արցախի աւելի քան չորսամսեայ շրջափակման հետեւանքով, հարիւր հազարաւոր հայեր նոր Ցեղասպանութեան են ենթակայ: Դա հետեւանքն է Բաքւի, Թուրքիայի, սիոնիստական ռեժիմի եւ Անգլիայի համատեղ քայլերի, որոնք ձգտում են տիրանալ Արցախի բնական ռեսուրսներին, հարւածել հարաւային Կովկասում Ռուսաստանի շահերին եւ սպառնալ Իրանի Իսլ. Հանրապետութեան անվտանգութեանն ու կայունութեանը եւ մի խօսքով իրականացնել իրենց ռասիստական եւ պանթուրքիստական նենգ նպատակները»:
Նա նշեց, որ այս ամէնը նպատակ ունեն վտանգելու Իրանի կապը դէպի Հայաստան եւ Վրաստան, խափանել դէպի Ռուսաստան եւ Եւրոպա ձգւող հիւսիս-հարաւ միջանցքը, եւ այսպիսով շրջափակել Իրանին, որպէսզի Բաքւի ու Թուրքիայի միջոցով միանայ Եւրոպային, որի իրականացման դէպքում Թուրքիան եւ Եւրոպական երկրները կարողանան իրենց ռազմաքաղաքական բոլոր պահանջներն աշխարհի տարբեր վայրերում, յատկապէս Արեւմտեան Ասիայում պարտադրեն Իրանին:
Միջոցառման գեղարւեստական բաժնում դաշնամուրի եւ ջութակի համատեղ կատարմամբ հանդէս եկան դաշնակահար՝ Արմէն Ասատրեանը եւ ջութակահար Բրենդա Թորոսեանը:
Միջոցառմանը հանդիսատեսին ներկայացւեց «Մի նաւաբեռ մեխակ՝ Հրանտ Դինքի համար» գիրքը, որի հեղինակն է Աննա Դաւթեանը: Այն գրւել է Գերմանիայի «Քորֆիլդ եւ Մուշենգլադբախ» թատրոնի պատւերով՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած, իսկ գրքի պարսկերէնի թարգմանիչն է Անի Յովսէփեանը եւ գիրքը պարսկերէնով հրատարակւել է «Նայիրի» հրատարակչութեան միջոցով: Գիրքը ներկայացրեց Անի Յովսէփեանը:
Ապա հրաւիրւեց երրորդ բանախօսը՝ Երեւանի ՀՀ Պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետի դասախօս, ադրբեջանագէտ դոկտ. Անժէլլա Էլիբեգովան: Նա իր ելոյթը ներկայացրեց երկու գլուխների տակ ամփոփւած. ««Ադրբեջանի հակաիրանական քարոզչութիւնը» եւ «Ադրբեջան-Իսրայէլ համագործակցութիւնն Իրանի դէմ»»: Յիշեալ գլուխների տակ ամփոփւած, բանախօսը իր ելոյթը ներկայացրեց փաստավաւերագրական տւեալներով եւ ըստ ԶԼՄ-ների եւ միջամուխ երկրների պետական շրջանակների տւեալների: Միջոցառման աւարտին երգերով հանդէս եկաւ Արազ Դարեհը: Միջոցառմանը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ խորհրդարանի ոչ-հայ պատգամաւորներ, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, ԻԿՕՄ-ի, պետական կառոյցների ներկայացուցիչները, Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, իրանցի քաղաքական ու մտաւորական գործիչներ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Թ.Հ.Թ. ՊԺ-ի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: