Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ կազմակերպիչ յանձնախմբերի, ուրբաթ՝ թւականիս յուլիսի 11-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսութիւնը՝ նւիրւած Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Սեդրակ Աճեմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին, ովքեր 1983 թ. յուլիսի 27-ին, անձնազոհական մի ակտով զինւած յարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսբոնում Թուրքիայի դեսպանատան վրայ եւ 3-ժամեայ գրաւումից յետոյ՝ պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզւելով բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու Հայ Դատի արդար լուծում գտնելու պահանջատիրութիւնը: Տեղեկացնում է Ս. Ամենափրկչեան վանքի Հանրային կապը:
Մրցաշարի բացման առիթով ներկաներին ողջունեց սկաուտ Դւին Յովհաննիսեանը, ապա հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակը, որից յետոյ ընթերցեց միջոցառման բացման խօսքը, որում մասնաւորապէս նշւած էր. «Հայ Դատի արդար լուծման յետապնդման հանգրւանին, Լիսբոնի հինգ տղաների անձնաձոհական գործողութիւնը իր իւրայատուկ տեղն է գրաւում ե՛ւ զինեալ, ե՛ւ ցուցական, ե՛ւ մանաւանդ քարոզչական առումներով: Այս երեկոները կը գան ասելու թէ՝ երիտասարդութիւնը պատրաստ է իւրաքանչիւր օր պայքարը շարունակելու, որպէսզի համայն աշխարհին լսելի դարձնի, որ անարդարութիւն է գործւած եւ հայ ժողովուրդը վերստին սպասում է արդարութեան վերականգնմանը»:
Նշելի է, որ Նոր Ջուղայում, Լիսբոնի հինգ հերոսներին նւիրւած ֆուտբոլի մրցաշարը, ամենամեայ կարգով կազմակերպւում է հայ համայնքի երիտասարդներից կազմւած սիրողական խմբերի մասնակցութեամբ:
Այս տարի յուլիսի 11-ից 19-ի ժամանակահատւածում կայացան այս խաղերը, որին մասնակցութիւն էին բերել՝ «Արարատ 1», «Արարատ 2», «Սեդրակ», «Վաչէ» եւ «Արա» խմբերը Նոր Ջուղայից, իսկ «Սարգիս» անւամբ խումբը՝ Շահինշահրից:
Արդիւնքում հերթաբար առաջին, երկրորդ եւ երրորդ հանդիսացան «Արարատ», «Վաչէ» եւ «Արա» խմբերը:
Խաղերի մրցավարութիւնը անշահախնդրօրէն կատարեցին Կարօ Շահբազեանը եւ Մասիս Ղազարեանը:
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Նարեգա Սիմոնեանի