Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը, տեղեկանում ենք Համազգայինի Երևանի գրասենյակից։
«Միջոցառումը կայացավ գրողի ծննդյան նախօրեին` ապրիլի 26֊ին, Շիրազի տուն֊թանգարանում։
Օրը նշանավորվեց գրականագետ Սամվել Մուրադյանի կազմած «Հովհաննես Շիրազ։ Անտիպ էջեր» գրքի շնորհանդեսով։
Գիրքը հրատարակվել էր Սամվել Մուրադյանի և Հովհաննես Շիրազի որդու` Վանանդ Շիրազի նախաձեռնությամբ։ Գրքի հրատարակմանն աջակցել է արևելագետ, հասարակական գործիչ Գուրգեն Մելիքյանը։
Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծն գյումրեցու կիսանդրու առաջ։
Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Գյումրու գրասենյակի պատասխանատու Արա Նախշքարյանը։
Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց Շիրազի տուն֊թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։ Վերջինս թանգարանի կողմից շքանշաններ ու պատվոգրեր հանձնեց այն արվեստագետներին, ովքեր մշտապես համագործակցում են թանգարանի հետ։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության անունից խոսք ասաց Արտաշես Շահբազյանը։ Նա կարևորեց Շիրազի դերը որպես ժողովրդական բանաստեղծի, որովհետև հայ իրականության մեջ շատ քչերն են արժանացել այդ բարձր կոչմանը։
Արտաշես Շահբազյանը շեշտեց, որ այսօր հենց այդպիսի մտավորականների կարիք ունի մեր ժողովուրդը։ Մտավորականի, ում խոսքին ականջալուր կլինեն ու կհետևեն, ինչպես Շիրազին էին ընդունում և սիրում` որպես ժողովրդի մարդու, ժողովրդի առաջնորդի։
«Շիրազը ժողովուրդ կրթեց ու դաստիարակեց։ Դա այն ժամանակ էր, երբ խորհրդային գաղափարախոսությունը ճնշում էր ազգային մտածողությունն ու պահանջատիրությունը»,֊ նշեց Արտաշես Շահբազյանը։
Խոսք ասացին նաև Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, գրականագետ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ. դոցենտ Արշալույս Գալստյանը, բանասիրական գիտությունների դոցենտ Նոնա Դավթյանը։
Սամվել Մուրադյանը, որպես Շիրազի հավատարիմ ընկեր և նրա ստեղծագործությունների գիտակ, նշեց, որ իր գրականագիտական գործունեության մեջ Շիրազն անփոխարինելի դեր ունի և պատահական չէ, որ իրեն հաճախ անվանում էին Հովհաննես Շիրազի քայլող տպարան ու հանրագիտարան։
Մուրադյանը հիշեց Համո Սահյանի խոսքերը. «Գրավոր Շիրազն անմահ է, դուք փրկեք բանավոր Շիրազին, որովհետև նա ամեն վայրկյան կարող է մի հանճարեղ խոսք ասել, ինչը հնարավոր է մոռացվի»։ Մուրադյանն իր կազմած գրքերով փորձել է փրկել Շիրազի անտիպ էջերը և մեծածավալ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ։
«Մեզանից առաջ և մեզանից հետո սերունդները հայրենասիրություն սովորել են Շիրազից։ Գալիք սերունդները ևս պիտի կրթվեն նրա հայրենասիրական դասերով։ Նա մեզ սովորեցրել է սիրել մեր պատմական հայրենիքը, սովորեցրել է սիրել Մայր Հայաստանը և պատգամել է սիրել մեր վաղվա Հայրենիքը, որը պիտի Միացյալ Հայաստանը լինի»,֊ իր խոսքում կարևորեց Ռուզան Առաքելյանը։
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Համազգայինի Գյումրու գրասենյակի «Դեպի էրգիր» ազգագրական երգի֊պարի մանկապատանեկան համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Արևիկ Թանաշեանի գլխավորությամբ»։