կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-14 13:05
Մշակույթ

«Յանձնարարութիւն Բեռլին». առցանց ֆիլմի ցուցադրում՝ նւիրւած Նեմեսիսի 100-ամեակին

«Յանձնարարութիւն Բեռլին». առցանց ֆիլմի ցուցադրում՝ նւիրւած Նեմեսիսի 100-ամեակին

ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութիւնը նախաձեռնել են առցանց ֆիլմի ցուցադրում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից՝ Թալէաթի ահաբեկման եւ Նեմեսիս գործողութեան մեկնարկի 100-ամեակին:

Ցուցադրւելու է պրոդիւսեր եւ ռեժիսոր Հրայր Թուխանեանի նկարահանած «Յանձնարարութիւն Բեռլին» գեղարւեստական կինոն, որը պատմում է Սողոմոն Թեհլիրեանի հերոսական գործողութեան մասին:

Հրայր Թուխանեանը բազմաթիւ ֆիմերի հեղինակ է: Նրա Muse Pictures պրոդիւսերական ընկերութիւնը զբաղւում է կիոարդիւնաբերման ուսուցմամբ, մարկետիննգի, գովազդային, PR, փաստավաւերագրական եւ կրթական ֆիլմերի արտադրութեամբ:

Իր գործունէութեան ընթացքում Հրայր Թուխանեանը 34 բարձր կարգի մրցանակների, այդ թւում՝ Նիւ Եօրքի կինոփառատօնի շատ սիրւած «Ոսկէ մեդալ» մրցանակի դափնեկիր է: Ծագումով հպարտ վանեցի Հրայրը, սակայն, իր անձնական մեծագոյն ձեռքբերումն ու յաղթանակն է համարում «Յանձնարարութիւն Բեռլին» ֆիլմը, որը պատմում է ցեղասպանութեան արհաւիրքից յետոյ, արդարութեան վերականգնմանն ուղղւած հայ ժողովրդի ջանքերի մասին:

Տարբեր հարցազրոյցներում, նա բազմիցս նշել է, որ ազգային նկարագրի եւ մտածողութեան ձեւաւորման համար մեծապէս պարտական է իր հօրը, որն ի դէպ, յայտնի լուսանկարիչ է եղել Բէյրութում եւ համարւել է Հրայրի լուսանկարչութեան առաջին ուսուցիչը, ինչպէս նաեւ ճեմարանում իր ուսուցիչներին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան 4-րդ վարչապետ Սիմոն Վրացեանին, Լեւոն Շանթին, Մուշեղ Իշխանին եւ Անտուան Քեհէյեանին:

Ֆիլմը ցուցադրւելու է Կալիֆորնիայի ժամանակով՝ մարտի 14-ին, ժամը 19:00-ին (Թեհրանի ժամանակով՝ մարտի 15-ին, ժամը 06:30-ին, Երեւանի ժամանակով՝ մարտի 15-ին, ժամը 07:00-ին):

Ֆիլմը կարող էք դիտել հետեւեալ յղումով. https://bit.ly/3cskiO2