Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի մշակույթն առաջնահերթություն հռչակած հասարակությունն ունենում է մարդկային նկարագիր, իսկ երկրի մշակությունից հեռացած հասարակությունը` գազանային նկարագիր: Երկրի մշակույթից հեռանալով՝ մարդը մտնում է գազանի համակարգի՝ սննդային շղթայի մեջ՝ ինքը ուտում է կամ իրեն են ուտում: Ազգային մշակույթով մարդը տալիս է իր հարցի երկարաժամկետ լուծում, լուծում է իր հավերժության հարցը: Մարդկային հասարակության համար գյուղատնտեսության զարգացումը պետք է լինի առաջնային, և հողը պետք է հանդիսանա արտադրական հիմնական միջոցը, և ըստ այդմ` կձևավորվեն միջարտադրական հարաբերությունները:
Տեսնենք՝ ինչ է կատարվում Հայաստանում… Հայաստանում երկրի մշակությունը մղված է ամենահետին պլան, գյուղատնտեսության զարգացման քաղաքականություն գոյություն չունի, արտադրական հիմնական միջոցը համարվում է փողը, և վաշխառությունը, համապատասխանաբար, դարձել է միջարտադրական հարաբերությունների հիմքը: Արդեն տասնյակ տարիներ Հայաստանում ներդրվում են վայրի ազատական կարգեր, արդյունքում` հանրությունն անտեղյակ է մեկը մյուսից, օրինակ` երբ պարենային անվտանգության և առողջ սննդի հասարակական պատվեր է տրվում, այդ պատվերը չի հասնում համապատասխան հանրային շերտերին: Այդ պատվերը կայացած հարաբերությունների արդյունքում հասնում է սպեկուլյանտ-վաճառականներին, բանկիրներին, և նրանք կեղծիքով ու խաբեությամբ սպասարկում են այն: Անհատ մարդը որքան էլ մրցունակ լինի, չի կարող միայնակ պայքարել կամ մեղմել կարկուտի, վնասատուների կամ երաշտի հասցրած վնասը: Այս դեպքում նույնպես իջեցվում է հասարակական պատվեր, սակայն այն ոչ թե հասնում է գիտնականին, ինժեներին կամ շինարարին, այլ կրկին` սպեկուլյանտ-վաճառականին, բանկիրին, և կրկին մատուցվում են կեղծ ծառայություններ: Շուկայում հայտնվում և մրցունակ են լինում կեղծ ապրանքները և ծառայությունները՝ վտանգելով առողջ պարենի ապահովումը և վնասելով հասարակական առողջությունը: Եվ քանի որ սպեկուլյանտ-վաճառականներն իրենց հռչակել են մարդասեր, պատվիրում են առողջապահական ծառայություններ` հասարակությանը հասցրած վնասը մեղմելու և հատուցելու համար: Այս դեպքում ևս պատվերը հասնում է նույն սպեկուլյանտ-վաճառականներին, և դարձյալ կատարվում է պատվերի կեղծ սպասարկում՝ անորակ կրթություն, առողջապահություն, ոչ մասսայական սպորտ, կյանքի որակի անկում և այլն:
Այսպես կյանքի բոլոր բնագավառներում տիրապետող են դարձել սուտն ու կեղծիքը՝ անընդհատ մեծացնելով սոցիալական բեռը. տոկոսի տակ կքած գյուղացիական տնտեսություններ, Հայաստանից փախչող աշխատուժ, կիսված ընտանիքներ, անառողջ հասարակություն, հանցագործության աճ և այլն: Այս վիճակն է անգամ ամենաբարձր քաղաքական հարթակում՝ հասարակության պատվիրակված պառլամենտական վերահսկողությունը վերածվել է ամբողջատիրության, պառլամենտի ներկայացուցչությունը՝ անձի պաշտամունքի: Այս վիճակը հիմնավորապես խորացվում և հաստատվում է պետական մակարդակով. կենտրոնական բանկը վաճառականներին, առևտրային բանկերին մատակարարում է էժան դոլար, իսկ, օրինակ, գյուղացիությանը՝ թանկ դրամ:
Կարծում եմ` գյուղոլորտի հարցերը համակարգից դուրս հնարավոր չէ լուծել, հարկավոր են համակարգային լուծումներ: Նախ՝
1) հայ մարդը պետք է որոշի` ինքն ինչ մշակույթի կրող է,
2) հայ մարդը պետք է իր համար որոշի, թե իր հարցերը լուծելու համար ինչ տիպի հասարակարգ պետք է կառուցի:
Անձամբ ես համոզված եմ, որ հարցը հնարավոր է լուծել` քրիստոնեական արժեհամակարգի կրող լինելով և ընկերային հասարակարգ կառուցելով, այլապես հայ մարդը հանրային էակից կվերածվի անկենսունակ, վայրի կապիտալիստի:
Գյուղատնտես Կարեն Վարդանյան
ք. Արթիկ, Շիրակի մարզ, Հայաստանի Հանրապետություն