|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է «Գորշ գայլերի» քաղաքական միավորում հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության` Իգդիրից նախկին պատգամավոր, հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանի թվիթերյան գրառմանը:
Ազգայնական գործիչն իր դժգոհությունն է հայտնել Իգդիրում, Կարսում և Վանում հայկական պատվիրակությունների այցերի, մասնավորապես` Համահայկական խաղերի պատվիրակության այցի վերաբերյալ: «Դեռ չեն հասցրել չորանալ ընտրությունների քվեաթերթիկների վրայի կնիքները, բայց արդեն հայկական պատվիրակություններն իրար հետևից հաճախակի այցելում են ԺԴԿ-ի հաղթած Կարսի, Վանի, Իգդիրի քաղաքապետարաններ: Պատահականությո՞ւն է: Չեմ կարծում»,- նշել է Օղանը:
Ի պատասխան այս գրառմանը` Փայլանը գրել է. «Ռասիստները, ժողովուրդների միջև գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում: Ժողովրդավարներն էլ, կամուրջներ կառուցելով, այդ սահմաններն իմաստազրկում են: Դուք ռասիստ պանթյուրքիստ եք: Մենք հավատում ենք ժողովուրդների եղբայրությանը: Եվ ժողովուրդներն անպայման գրկախառնվելու են»: