կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-07 13:56
Հասարակություն

Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

alikonline.ir - Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Երէկ, յուլիսի 6-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ «Դպրոցների վերադասաւորում» թեմայով խորհրդակցական հանդիպում:

Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի դիւանը, Պժ-ի Կրթական յանձնաժողովի անդամները, Թեմական եւ Կրթական խորհրդի անդամները, տարբեր ժամանակների Կրթական խորհրդի ատենապետեր, համալսարանների դասախօսներ եւ կրթութեան ոլորտի գիտակ ազգայիններ:

Սրբազան Հայրն իր բացման խօսքում ընդգծեց հանդիպման կարեւորութիւնը եւ հրաւիրեալներին յորդորեց անկաշկանդ արտայայտել իրենց մտքերը:

Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի ասութեամբ՝ նախկինում համայնքում ծրագրւել է օպտիմալացման ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացւել: Ելնելով այսօրւայ մարտահրաւէրներից, դրա գործադրումը դարձել է անհրաժեշտութիւն բոլոր ոլորտներում: Այդ գործադրումից անմասն չի մնում նաեւ կրթական ոլորտը:

Կրթական խորհրդի կատարած աշխատանքների, ապագայ հեռանկարների, դպրոցների, աշակերտութեան եւ դպրոցների պաշտօնէութեան թւերի վերաբերեալ զեկոյցով՝ մանրամասնօրէն տւեալներ ներկայացրեց Կրթական խորհրդի ատենապետ Անէթ Բաղդասարեանը: 

Երկարատեւ քննարկման ընթացքում առաջարկներով եւ իրենց մտահոգութիւններով հանդէս եկան ներկաները:

Սրբազան Հայրը հանդիպման աւարտին կարեւորեց նաեւ այն, որ ազգային կրթութիւնն ու քրիստոնէութինն անքակտելիօրէն կապւած են եւ կազմում են միմեանց անբաժանելի մաս, յորդորելով ազգային մարմիններին ու ներկաներին գիտակցօրէն ու տրամաբանօրէն մօտենալ դպրոցների հետ կապւած առաջիկայ ծրագրերին:

Վերջում Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց ներկայ հրաւիրեալներին, նա նաեւ շեշտեց, որ հանդիպումն արդիւնաւէտ էր, հետեւաբար առաջիկայում եւս կը կազմակերպեն նմանատիպ խորհրդակցական հանդիպումներ եւ հնչած առաջարկներից կօգտւեն իրականացւող ծրագրերում:

 

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդ