Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագ և հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք դպրոցների տնօրեններ և գրաբարի օլիմպիադային մասնակից դպրոցականներ:
Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է եկեղեցու դերակատարությունն ու հոգատարությունը կրթության, մասնավորապես հայագիտական կրթության նկատմամբ. «Մենք ունենալու ենք խորացված հայագիտական դպրոցներ, որտեղ սովորող երեխաները հետագայում կարող են բուհերում հայագիտական կրթության ուղղությամբ մասնագիտանալ՝ բանասիրություն, պատմություն, ազգագրություն և հայագիտություն:Մեր լեզվի լավագույն ուսուցիչները գտնում են, որ հայերենի ուսուցման բարձր արդյունքի համար պետք է ամուր հիմքեր դնել դպրոցում և այդ առումով գրաբարի շտեմարանի հրատարակումը շատ կարևոր բաց է լրացնում: Մենք գտնում ենք, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ. հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաև լեզվի ներկա փուլի դասավանդումը»,- նշել է ԿԳ նախարարը: Լ. Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունը կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է եկեղեցու հետ, մասնավորապես ճեմարանական կրթությունը ասպիրանտական կրթության ճանապարհով զարգացնելու ուղղությամբ:
«Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի նաև միջնադարագիտությունը: Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ երիտասարդ գիտնականները հետաքրքրություն չեն ցուցաբերում միջնադարյան ժառանգության նկատմամբ, որովհետև նախ այդ ասպարեզը պահանջում է բազային ավելի լուրջ գիտելիքներ, բացի այդ առկա է նաև մոտիվացիայի պակաս: Եկեղեցու աջակցությունը այս ուղղության զարգացման համար շատ կարևոր է»,- նշել է ԿԳ նախարարը: Լ.Մկրտչյանը նաև հավելել է, որ գրաբարի դասընթացը դպրոցներում չի կարող համընդհանուր լինել, այն կամընտրական ձևով դասավանդվում է միայն հումանիտար հոսքերում՝ այն աշակերտների համար, ովքեր հին հայերենը սովորելու ցանկություն ունեն:
ՀՀ ԿԳՆ