Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրության օրվա կապակցությամբ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության և հարակից այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է սահմանադրական իրավունքի փորձագետ, իրավաբան Արտաշես Խալաթյանի հետ:
- Արտախորհրդարանական որոշ ուժեր վերջերս բարձրաձայնում էին նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Անգամ ասում են, թե անցած տարվա համաժողովրդական շարժումը հեղափոխություն անվանել չի կարելի հենց միայն այն պատճառով, որ Սահմանադրությունը չի փոխվել: Համամի՞տ եք այդ տեսակետին:
- Սահմանադրության փոփոխությունը ցանկացած պարագայում չպետք է լինի իշխող քաղաքական իշխանության քմահաճույքը: Այսօր, ցավոք, մենք արձանագրում ենք, փաստորեն, որ սահմանադրական փոփոխությունն ու անգամ 1995-ին Սահմանադրության ընդունումը տեղի է ունեցել հասարակության ոչ ամբողջական համախոհության պայմաններում: Սահմանադրական փոփոխությունները վերածվել են էլիտար գործընթացի, ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ պայամանավորվում են ինչ-որ բանի շուրջ, ու հետագայում` արդեն հետահայաց կերպով սկսվում է այդ փոփոխությունների հիմնավորումը: Բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման խնդիր երբևէ չի առաջել ո՛չ 2003-ի սահմանադրական փոփոխությունների, ո՛չ էլ 2015-ի ժամանակ: Անկախ հանգամանքից, որ մասնագիտական տեսանկյունից ես ջատագովն եմ խորհրդարանական համակարգի, չունեմ հարցի պատասխանը` արժե՞ր անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, թե՞ ոչ: Եվ երբ դարձյալ խոսվում է կառավարման համակարգի փոփոխության մասին, ուզում եմ ընդգծել, որ ոչ թե ապրիորի դեմ եմ Սահմանադրության փոփոխությանը, այլ կողմ չեմ չհիմնավորված ու մասնագիտորեն բավարար չափով չփաստարկված ցանկացած փոփոխության: Ի՞նչն են ուզում փոխել, ինչպե՞ս են ուզում փոխել ու ինչպե՞ս են ուզում փոխել: Գործող Սահմանադրությունը, բնականաբար, ունի տեքստային որոշակի խնդիրներ ու անհստակություններ: Սահմանադրության հետ կապված կոնֆլիկտները երբեմն առաջ են գալիս են ոչ միայն նրանից, որ, իրոք, ամեն նորմ կարող է տարակերպ մեկնաբանվել, այլ այդ նորմերն հաճախ իրենք իրենցով ստեղծում են կոնֆլիկտահեն իրավիճակ, տարակերպ մեկնաբանելու առիթ են տալիս:
Եթե ցանկանում են կրկին նախագահական համակարգին անցնել (իսկ հիմնականում հենց դրա մասին էլ խոսվում է), ապա կարծում եմ, որ դա լուրջ, համակարգային առումով խնդիրներ կարող է առաջացնել: Երբ գերնախագահական համակարգը 2005-ին փոխեցինք ու անցանք կիսանախագահականի, ինստիտուցիոնալ փոփոխություններն այդքան էլ արմատական չէին, այլ, ըստ էության, նույն համակարգում լիազորությունների բաշխման տրամաբանության փոփոխություն էր եղել: Բայց այժմ բոլորվին այլ համակարգի ենք անցել, որ ամբողջությամբ այլ տրամաբանությամբ է գործում, իսկ վերադարձը նախկինին բավական խնդրահարույց կարող է լինել:
- Դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունները «կարվել են Սերժ Սարգսյանի համար»: Փաշինյանի` իշխանությունը ստանձնելուց հետո սահմանադրական դրույթները չեն փոփոխվել: Փաստորեն` Սերժ Սարգսյանի համար, բայց Փաշինյանի հագո՞վ:
- Սուպերվարչապետական համակարագը շատ քիչ սահմանադրական հիմքեր ունի: Բոլոր լիազորությունները, որ այսօր տրված են վարչապետին, տրվել են սովորական օրենքների փոփոխության կամ նոր օրենքների ընդունման միջոցով: Օրինակ` ոստիկանության ու ԱԱԾ-ի` վարչապետին առընթեր լինելը սովորական օրենքով է սահմանված, որը հեշտությամբ կարելի է փոխել: Եթե ուզում ենք վարչապետի լիազորությունները բեռնաթափել, պետք է որոշակի օրենքներում փոփոխություններ մտցնենք: Քաղաքական մեծամասնության որոշելիքն է` դրանք նախարարությո՞ւն դարձնել, թե՞ առընթեր մարմին թողնել: Ինձ համար, օրինակ, ընդունելի տարբերակն այն է, որ այդ մարմինները ոչ թե վարչապետին, այլ կառավարությանն առընթեր լինեն: Ընդ որում` նախքան սահմանադրական փոփոխությունները` Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, այդ մարմինները եղել են կառավարությանն առընթեր: Ես ընդունում եմ, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, լինելով ոչ քաղաքական մարմիններ, կարող են նախարարություն չլինել, բայց իրավական, մասնագիտական ու ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ, վերահսկելիության առումով ընդունելի է կառավարությանն առընթեր լինելը:
- Ի վերջո, սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության անհրաժեշտության կարիք կա՞ այսօր:
- Երկրի Հիմնական օրենքին դիպչելու ամենաառանցքային նախապայմանը պետք է խորը, կոնցեպտուալ խնդիրների հրապարակումը, դրանց հիմնավորումը լինի: Եթե չկան խորը խնդիրներ ու հիմնավորումներ, ապա Հիմնական օրենքին պետք չէ դիպչել: Մեր քաղաքական պրակտիկայի, քաղաքական մշակույթի անկատարությունը փորձում ենք բարդել փաստաթղթերի` Սահմանադրության, օրենսդրության վրա:
1991-ին, երբ միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացրեցինք, այդ ժամանակ գործում էր խորհրդային ընտրական օրենսգիրքը: Արդար ու ժողովրդավար ընտրություններ անելու քաղաքական կամք կար, իսկ քաղաքական կամքը շատ ավելի կարևոր է, քան օրենսդրություն փոխելը: Եթե ֆուտբոլիստը լավ չի խաղում, ապա ֆուտբոլի կանոնները վերանայելն էական փոփոխություններ դժվար թե բերի:
Զրույցը` Վրույր Սևակի