կարևոր
415 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-23 14:33
Քաղաքական

Փորձում են հայ հասարակությանն ամեն կերպ համոզել, որ պետք է գնալ զիջումների․ Հայկ Խալաթյան

Փորձում են հայ հասարակությանն ամեն կերպ համոզել, որ պետք է գնալ զիջումների․ Հայկ Խալաթյան

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության մեջ ներդրել են հենց ադրբեջանական նարատիվները»​,- Երևանում անցկացվող «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքի մասին, որ «Արևմտան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» նույնական» են։

Նշենք, որ  Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Մենք որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է, ոնց որ մեզ է գրգռում Արեւմտյան Ադրբեջան տերմինը»։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ այս պահին ՀՀ իշխանությունները որդերգրել են «խաղաղություն՝ ցանկացած գնով» քաղաքականությունը, որը, միևնույն է՝ չի բերելու խաղաղության, բայց այդ քաղաքականությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի հասարակությանն ամեն կերպ համոզել, որ պետք է  զիջումների գնալ։ Նույնիսկ դեպքեր են եղել, որ փորձել են լեգիտիմացնել Ադրբեջանի հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ՝ դրանում որևէ գաղտնիք չկա: Այստեղ ինձ համար նորություն չկար և զարմանալու ոչինչ չկար»,- նշել է Խալաթյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Հայկ Խալաթյանն ասաց, որ Ռուսաստանում էլ են արդեն հասկանում, որ այն փուլը, հարաբերությունները, որ կար՝ արդեն չկա, և հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են։

«Մոսկվայում խոսում եմ գործընկերներիս, փորձագետների հետ, թե այս փուլն ինչպես է ավարտվելու, և ինչ կետից են Հայաստանն ու Ռուսաստանը սկսելու իրենց հարաբերությունները, դա նախկինի նման լինելու է դաշնակցայի՞ն հարաբերություն, գործընկերայի՞ն… Ռուսաստանն արդեն նրան էլ է պատրաստ, որ Հայաստանը դառնում է գործիք Ռուսաստանի դեմ՝ Արևմուտքի ձեռքում, կարող է նույնիսկ Հայաստանին դիտարկել ոչ բարեկամ երկիր՝ բոլոր այդ՝ իրար հետ կապված հետևանքներով»,- հավելել է քաղաքական մեկնաբանը։