կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 12:20
Հասարակություն

Վարորդական իրավունքի վկայական փոխելը դարձել է գլխացավանք

Վարորդական իրավունքի վկայական փոխելը դարձել է գլխացավանք

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հարկավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, դիմում և համապատասխան պետական տուրքի վճարման կտրոն. yerkir.am-ի հետ զրույցում պատմում էր Հակոբը, ով արդեն 5 անգամ է` գնում է, որ փոխի իր վարորդական իրավունքը, սակայն այդպես էլ իր հերթը չի հասնում: «Օգոստոսի 17-ից մինչ այսօր արդեն 5 անգամ գնացել եմ, սակայն այդպես էլ հերթս չի հասնում, որ կարողանամ փոխել»,- ասաց նա:

Օրենքի համաձայն` վարորդական իրավունքի վկայականները պետք է փոխվեն մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն Հակոբը մեզ պատմեց, որ Հարավարեւմտյան թաղամասի ճանապարհային ոստիկանության բաժնի աշխատակիցները մեկ մարդուն սպասարկելու համար ծախսում են 8-10 րոպե, իսկ ժամը 17:00-ից, ինչպես իրենք են ասում, «համակարգիչները պլոմբում են», փաստորեն, նրանք հասցնում են սպասարկել մոտ 32 մարդու, իսկ նրանց ցուցակներում գրանցվածներն ավելի շատ են:

«Ցուցակները գիշերը 12-ից հետո են կազմվում: Մենք սահմանված վճարն էլ ենք կատարել` 12000 դրամ: Նրանք ուղղակի պետք է աշխատողների ավելացնեն, որ գոնե կարողանան 46 հոգու սպասարկել, իսկ եթե չեն ցանկանում ավելացնել, ուրեմն պետք է գոնե առնվազն 35 հոգանոց ցուցակ կազմեն, այլ ոչ թե 46»,- առաջարկեց Հակոբը:

Նա նաև ասաց, որ 18 հազար գրանցվողներից 12 հազարին արդեն սպասարկել են. «Դա, իհարկե, ես չեմ ասում, այդ մասին մեզ հայտել է գնդապետը»:

Ի դեպ, քաղաքից բացակայողները ստիպված են հետաձգել իրենց այցերը` մինչեւ վարորդական իրավունքի վկայականը փոխելը, իսկ նրանք ովքեր արդեն դրսում են, վերադառնալուն պես պետք է փոխեն, իսկ դա նշանակում է, որ 18000-անոց ցուցակը կմեծանա: 

«Ես այսօր գնացել և գրանցվել եմ վաղվա համար, որ փոխեմ, բայց էլի հույս չունեմ, որ կստանամ: Հիմա միակ ելքը կա'մ աշխատողների թիվն ավելացնելն է, կա'մ էլ փոքր ցուցակներ կազմելը: Մի խոսքով` հույս չունեմ, որ կփոխեմ: Նաև կարծում եմ, որ իրենք իրենց սահմանած ժամանակի մեջ չեն տեղավորվի»,- հուսահատ ասաց Հակոբը:

Պարզաբանումների համար yerkir.am-ը դիմեց հաշվառման բաժնի տեսուչ Վիգեն Գեղամյանին, որը հերքեց ժամը 17:00-ից հետո համակարգիչները «պլոմբելու» փաստը, նաեւ տեղեկացրեց, որ իրենց աշխատանքն ավարտվում է 18:00-ին:

«Հայաստանից բացակայելու իրավունք ունեն միայն այն անձինք, ովքեր ունեն պլաստիկ վարորդական իրավունքներ, իսկ թղթից` հին վարորդական իրավունքներ ունեցող անձինք իրավունք չունեն լքելու Հայաստանը»,- ասաց նա: