կարևոր
2992 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-02 17:56
Քաղաքական

Հրատապ է ոչ թե Սահմանադրությունը, այլ՝ իշխանությունը փոխելը․ Ձյունիկ Աղաջանյան

Հրատապ է ոչ թե Սահմանադրությունը, այլ՝ իշխանությունը փոխելը․ Ձյունիկ Աղաջանյան

«Փաստացի գտնվում ենք  ադրբեջանաթուրքական կառավարման ներքո»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ Սահմանադրությունը փոխելու՝ Փաշինյանի օրակարգի մասին հարցին ի պատասխան։

-Տիկին Աղաջանյան, օրերս Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանները ու նշել, որ «Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»։ Ալիևը փաստացի մեր երկրի մասին խոսում է տանտիրոջ դիրքից և այս աղետը մեզ մինչև ո՞ւր է հասցնելու։

--Զարմանալի չէ, որ Ալիևն իրեն թույլ է տալիս նման հանդգնությամբ արտահայտություններ անել և սա նորություն չէ․ գործող իշխանության ղեկավարի պահվածքը Ալիևին հիմքեր է տալիս նման պահվածք դրսևորել, և մենք պետք է ի նկատի ունենանք, որ Ալիևի բոլոր պահանջներն այդ անձը հլու-հնազանդ կամակատարի պես իրականացրել է։

Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից ներկայում հնչող նման ձևակերպումներին, դրանք նորություն չեն և դրան համահունչ գործել է մեր երկրի կառավարության ղեկին դեռևս նստած անձնավորությունը։ Իմիջիայլոց, միայն Սահմանադրությունը փոխելու մասին չէ Ալիևի խոսքը, այլ մի շարք օրենսդրական ակտերի փոխման մասին, այսինքն՝ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ, փաստացի, գտնվում ենք ադրբեջանաթուրքական կառավարման ներքո, որն իրականացվում է այսօր կառավարության ղեկին նստած անձի ձեռամբ։ Նրանք հստակ ցուցումներով տալիս են հրահանգները, մեր կողմից այդ հրահանգները սկսվում են հանրության մեջ ներմուծելու, տարածելու, մարդկանց ուղեղները լվանալու գործընթացի միջոցով իրականություն դառնալ։ Թե ինչի կհանգեցնի նման վարքագիծը, կարծում եմ, միայն ես չէ, բոլոր դատող մարդիկ կարող են շատ լավ հասկանալ․ սրան կարելի է ուղղակի մեկ ձևակերպում տալ, որ նմանատիպ մոտեցումը Հայաստանի համար մահվան դատավճիռ է։

-Տիկին Աղաջանյան, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Հանրային ռադիոյի եթերում էր հայտարարել, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։ ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս հանրային պահանջ կա Սահմանադրությունը փոխելու, իսկապե՞ս հանրային օրակարգում մենք նման խնդիր ունենք և դրա հրատապ անհարժեշտությունը կա։

-Սահմանադրությունը փոխելու հրատապ խնդիր չկա, միակ հրատապությունն այս իշխանությունը հեռացնելն է, որը, իր ամբողջ 6-ամյա գործունեության ընթացքում, բացի ազգային շահերը ոտնահարելուց և թշնամու նպատակները սպասարկելուց ոչնչով չի զբաղվել։  Բնականաբար, ժողովուրդը պետք է որոշի, որովհետև օրենքն է այդպես սահմանում, բայց իրենք իրենց թեզերով փորձում են ընդհանուր տրամադրություններ ստեղծել, նաև՝ վախի մթնոլորտ, ինչի մասին երեկ շանտաժի լեզվով խոսեց Ձեր կողմից նշված անձը, որ եթե չենք հրաժարվում Անկախության հռչակագրից, ապա մեզ պատերազմ է սպասվում։ Բայց մեզ ցանկացած դեպքում է պատերազմ սպասվում, իսկ եթե դու ստրկամիտ ու կամակատար դիրքում ես հանդես գալիս, ավելի ես ուժեղացնում այդ պատերազմի հավանականությունը, դրան գումարած, ավելանում է ոչնչացման հավանականությունը։ Նման հարևանների հետ, որ բացի քեզ ոչնչացնելու, կուլ տալու, տրորելու, քոնը յուրացնելու, սեփականացնելու և գողանալու միտումներից ուրիշ գաղափար չունեն, պետք է ուժի դիրքերից խոսել․․․Մեր Անկախության հռչակագիրն ազգային ինքնության պահպանման և հայ մնալու միակ ճիշտ ճանապարհն է։  

Հերմինե Զեյնալյան