կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-04 11:54
Իրավական

Կարող ենք ունենալ իդեալականին մոտ Սահմանադրություն, սակայն մեկնաբանություններով խեղաթյուրել դրա բովանդակությունը. սահմանադրագետ

Կարող ենք ունենալ իդեալականին մոտ Սահմանադրություն, սակայն մեկնաբանություններով խեղաթյուրել դրա բովանդակությունը. սահմանադրագետ

Սահմանադրության մեկնաբանությունը, որպես կանոն, ենթադրում է, որ պետության մեջ գոյություն չունի ճգնաժամ իշխանության թևերի միջև. «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության մեկնաբանության իրավունքը վերապահվում է Սահմանադրական դատարանին:

Ինչ վերաբերում է Սահմանադրության արդյունավետությանը, ապա, սահմանադրագետի համոզմամբ, անհրաժեշտ է հստակ տարանջատել սահմանադրական իրավաստեղծագործությունը և սահմանադրական նորմաստեղծագործությունը, որովհետև սահմանադրական իրավաստեղծագործությունը պետք է հիմնվի նորմաստեղծագործության վրա:

«Սահմանադրության համար  պետք է հստակ լինի տրամաբանական հարթությունը: Տրամաբանական հարթության մեջ մենք ունենք դրական և պոզիտիվ իրավունքի հարթությունները, և Սահմանադրությունը գրելիս ու հետագայում մեկնաբանելու համար անթույլատրելի է շրջանցել այս 2 հարթությունները: Օրինակ` Գերմանիայի Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են մարդու աստվածային ծագումը և պատասխանատվությունը` գիտակցական մակարդակով, Աստծո առջև: Սա նշանակում է, որ ԳԴՀ Սահմանադրությունը գրվել է բացառապես բնական իրավունքի տրամաբանական հարթության մեջ: Սակայն վերջերս ԶԼՄ-ներով իմացանք, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը, որն իր ֆունկցիոնալ առաքելությամբ կոչված է ապահովել Սահմանադրության գերակայությունը, որոշում է կայացրել, որով արգելում է, որ քաղաքացիական ակտերի գրանցման մարմինները ծննդյան վկայականներում նշեն արական և իգական սեռը: Այս պարագայում ստացվում է, որ ՍԴ մեկնաբանությամբ փոխվում է Սահմանադրության բովանդակությունը, որովհետև այն ամրագրված կետը, որ գիտակցված պատասխանատվությունը Աստծո առջև է, չի կարող ենթադրել նման մոտեցում»,- մանրամասնեց Այվազյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ Սահմանադրությունը կոնցեպտուալ փաստաթուղթ է և ցանկացած պարագայում այն պետք է մեկնաբանվի՝ ելնելով դրանում ամրագրված արժեհամակարգի մոտեցումներից:

Անդրադառնալով Սահմանադրության մեկնաբանությունների արդյունավետության հարցին` սահմանադրագետը կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է 2 հանգամանքով: «Կարող ենք ունենալ իդեալականին մոտ Սահմանադրություն, սակայն մեկնաբանություններով խեղաթյուրել այդ Սահմանադրության բովանդակությունը, և կարող ենք ունենալ Սահմանադրություն, որն իր դրույթների միջև ունի ներքին հակասություններ և չի կարող ճշմարտությունը վեր հանել»,-  պարզաբանեց Վարդան Այվազյանը` հավելելով, որ Սահմանադրության մեկնաբանությունը, որպես կանոն, ենթադրում է, որ պետության մեջ գոյություն չունի ճգնաժամ իշխանության թևերի միջև: