Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վերջերս Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարությունում հայտարարեց, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի. «Տարածաշրջանի ու աշխարհի փոփոխությունները անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան»,-իր խոսքում նշում է Փաշինյանը՝ հավելելով, որ նոր ընդունված Սահմանադրությամբ Հայաստանը ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դառնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Չնայած նշված և այլ հիմնավորումներին՝ հասարակության համար արդեն պարզորոշ է՝ թուրք-ադրբեջանական թելադրանքի դաշտում գտնվող Փաշինյանը փոխում է Սահմանադրությունն ամբողջությամբ: Նոր Սահմանադրությունը ենթադրելու է Անկախության հռչակագրի չեզոքացում, դրանով իսկ հրաժարում թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թե՛ Արցախի խնդրից։ Իշխանության՝ Սահմանադրությամբ ամրագրվող զինանշանի (ինչպես նաև օրհներգի, որը սահմանվում է օրենքով) փոփոխության անհրաժեշտության մասին հիշատակումները ևս վկայում են, որ նոր Սահմանադրությամբ այդ խորհրդանիշը (զինանշանը) ևս կփոխվի։
Yerkir.am-ը սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ փորձել է հասկանալ՝ ու՞ր կտանի հայ ժողովրդին Սահմանադրության փոփոխությունը, հնարավոր ո՞ր դրույթները կփոփոխվեն, և արդյո՞ք հնարավոր կլինի այս իշխանության օրոք նոր Սահմանադրության ընդունումը։
«Սահմանադրությունը հանդիսանում է իրավագիտության «Աստվածաշուչը», այն չի կարելի փոփոխել որևէ կարևոր թվացող հարցով։ Միայն խիստ կարևորագույն և երկրի համար անկյունաքարային հիմնադրույթներն ու նպատակներն են, որոնք կարող են հանդիսանալ Սահմանադրության փոփոխության լեգիտիմ հիմնավորում, հիմք ու պատճառաբանություն։ Ցավոք՝ ներկայիս վարչապետը Սահմանադրության հերթական խայտառակ փոփոխությունների հիմնավորում բերում է «խաղաղության օրակարգը», և փորձում հերթական անգամ չստացվելիք խաղաղությունը փաթեթավորել Սահմանադրության փոփոխությունների պրիզմայի միջոցով։ Անկախության հռչակագիրը, որով երկու կարևոր նպատակ է հռչակված՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ուղված գործողություններ կատարելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը և Լեռնային Ղարաբաղի իրավունքների և ազատությունների պաշպանությունը, և, որը զետեղված է Սահմանադրության նախաբանում, համարվում է Սահմանադրության անբաժանելի մի մասը՝ ըստ էության կանխորոշելով այն սկզբունքները, որոնք դրված են Հայաստանի երրորդ հանրապետության հիմքում։ Նոր Սահմանադրությամբ վարչապետը նպատակ է հետապնդում հեռացնել Անկախության հռչակագրին հղում անող վերը նշված կարևորագույն երկու կետերը Սահմանադրությունից»,- փաստում է Վահե Գրիգորյանը։
Սահմանադրագետը հիմնավոր կասկած ունի առ այն, որ Սսահմանադրությունից կհեռացվեն այն կարևոր դրույթները, որոնք օրինակ թույլ չեն տալիս զանգվածաբար խախտել հասարակության իրավունքները, ազատությունները, ըստ նրա՝ վտանգված է 18-րդ հոդվածը, որը հռչակում է՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պահպանման գործում։ Ըստ բանախոսի՝ հնարավոր այլ փոփոխությունների մասին կարելի է անդրադառնալ միայն Սսահմանադրության նախագծի հրապարակման դեպքում։
Հնարավո՞ր է, արդյոք, վարչապետին անվստահություն հայտնելով կամ հրաժարականի պահանջով կանխել Սահմանադրության փոփոխությունը՝ հարցին ի պատասխան Վահե Գրիգորյանը նշեց.
«Երևանի ավագանու ընտրություններին ունեցանք մասնակցության աննախադեպ ցածր շեմ, դրանով պայմանավորված՝ գուցե հանրաքվե չկայանա նրա մասնակիցների անբավարար լինելու պատճառով, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ որպեսզի հանրաքվեի դրված ակտը ընդունվի, անհրաժեշտ է որպեսզի դրան կողմ քվեարկի մասնակիցների կեսը, բայց ոչ պակաս, քան ընտրելու իրավունք ունեցող անձանց մեկ քառորդը: Այսինքն ՀՀ բոլոր ընտրողների մեկ քառորդը պետք է գոնե կողմ քվեարկի հանրաքվեին, և այդ կողմերի թիվը պետք է կազմի ընտրությանը մասնակցած անձանց ձայների կեսից ավելին: Ես կարծում եմ, որ այս իշխանությունն այլևս չի կարողանա այդքան մարդաքանակ ապահովել կողմ ձայնով, որպեսզի հանրաքվեի ակտը ընդունվի։ Բացի այդ՝ որքան էլ ցավալի է, բայց պետք է փաստել նաև, որ պատերազմը կրկին անգամ սարերի ետևում չէ: Ի վերջո՝ կյանքը հիմնված է պարզ սոցիալական, կենցաղային կանոնների վրա, ընդ որում դրա վրա հիմնված է նաև արտաքին քաղաքականությունը: Պարզ կանոն է՝ որքան դու թույլ ես, այնքան ավելի շատ են քեզ ճզմելու, որքան շատ ես զիջում, այնքան քեզանից ավելի շատ զիջումներ են պահանջելու»:
Անժելա Սեդրակյան