Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 9-ին եզրափակվում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Այսօր երեկոյան ժյուրիի և հանդիսատեսի առջև հանդես կգան Հանկյոլ Յունը (Հարավային Կորեա), Տոսիֆումի Կանայը (Ճապոնիա), Միրան Վոպոտիչը (Խորվաթիա), Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա)։
Բոլոր` 12 դիրիժորները մրցույթի առաջին փուլում ներկայացնում են Հայդնի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Էդուարդ Հայրապետյանի՝ հատուկ մրցույթի համար գրված գործը։
Էդուարդ Հայրապետյանը նշեց, որ արդեն ունկնդրել է իր ստեղծագործության` 8 դիրիժորների մեկնաբանությունները։ Կոմպոզիտորը նշում է, որ այն տպավորությունն է ստացել, որ տարբեր երկրներից ժամանած դիրիժորներից յուրաքանչյուրն ինչ-որ յուրահատուկ բան է ավելացնում գործին՝ իր բնավորությունը, կոլորիտը, էսթետիկական պատկերացումները։ «Ինձ համար այս ամենը շատ հետաքրքիր մի պրոցես է։ Գործն այդ կատարումների շնորհիվ զարմանալի ձևով հարստանում է»,- ասում է Հայրապետյանը՝ ավելացնելով, որ շատ բարձրակարգ դիրիժորներ են հանդես գալիս մրցույթի շրջանակներում, և ինքը տպավորված է իր ստեղծագործության մեկնաբանություններով։
Մրցույթի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 11-ին։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։