կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 18:18
Հասարակություն

ՍԴ-ն քաղաքական որոշմամբ ցրելու դեպքում ԵԽ կողմից լուրջ խնդիրներ ենք ունենալու. սահմանադրագետ (տեսանյութ)

ԱԺ-ն այնպիսի հարթակ չէ, որտեղ կարող են քննարկման դրվել Բարձր դատարանի որոշումները` Yerkir.am-ին ասաց սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիրքորոշում  կարտահայտեն:  

«Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները միմյանցից անկախ ճյուղեր են և որևէ ճյուղ իրավունք չունի միջամտելու մեկ այլ ճյուղի գործունեությանը. դրանք միմյանց զսպող են»,-ընդգծեց սահմանադրագետը:

ՍԴ-ն, ըստ էության, նույնիսկ դատական իշխանության ճյուղ չէ, այլ վերիշխանական մարմին, հետևաբար, ըստ նրա, ՍԴ որոշման վերաբերյալ քաղաքական մարմնի կողմից հայտարարություններ չեն կարող հնչել. «Այս առումով ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է ՍԴ որոշումը քննարկման առարկա լինել ԱԺ-ում՝ անկախ նրանից, թե ով է դա բարձրաձայնում»:

ԵԽ մարմինների, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի անդամների համար, Վարդևանյանի խոսքով, Բարձր դատարանի շուրջ զարգացումները առաջին հայացքից առնվազն խիստ մտահոգիչ են լինելու, երկրորդը՝ անհասկանալի, երրորդը՝ պետական իշխանության ճյուղերի անկախ լինելու, զսպումների, հակակշիռների տեսանկյունից խախտում կարող է արձանագրվել:

«Սա որևէ դրական զարգացում ՀՀ դատական իշխանության հեղինակության տեսանկյունից չի ենթադրում»,-ասաց նա:

Սահմանդրագետը Սահմանադրական դատարանի աշխատանքում որևէ խնդիր չի տեսնում: Խնդիր տեսնում է այն հարցում, որ ՍԴ ընտրված դատավորը կարող է ինքն իրեն հռչակել ՍԴ նախագահ (սա իրավական տեսանկյունից որևէ հիմնավորում չի կարող ունենալ, ոչ էլ տրամաբանություն) և գտնում է, որ ՍԴ-ն պետք է իր գործունեությունը շարունակի առանց որևէ քաղաքական միջամտության:

Սահմանադրական դատարանը քաղաքական որոշմամբ ցրելու հնարավորություն Արամ Վարդևանյանը չի պատկերացնում: «Եթե նման բան եղավ, ես կարծում եմ՝ ԵԽ տեսանկյունից մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա:

Արամ Վարդևանյանը քաղաքակիրթ որևէ երկրում չի հանդիպել այսօրինակ զարգացումների և չի էլ պատկերացնում մեր երկրում նման գործընթացների հնարավոր նպատակը:

«Քաղաքական գործընթացները կարող են ունենալ բավականին լայն ճկունություն: Դա իրավական կոշտ մեխանիզմներով չսահմանափակվող երևույթ է: Հուսանք, որ այդպիսին էլ դրանք կմնան՝ քաղաքական տիրույթում հայտարարություններ: Հակառակը ես պարզապես չեմ էլ ուզում պատկերացնել»,-ասաց նա:    

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարության բովանդակային շեշտադրումներին, Վարդևանյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացը իրականացվել է Սահմանադրության անցումային դրույթներով նախատեսված կարգավորումների շրջանակում. «Եվ դա էլ հենց արտահայտում է սահմանադրի կամքը: Դա լա՞վ է, թե՞ վատ, գնահատողական ինչպիսի՞ դատողությունների առարկա է, լրիվ այլ հարց է»:

Թովմասյանի ընտրության օրինականությունը վիճարկելը, նրա խոսքով, միայն քաղաքական հայտարարությունների հիմք կարող է լինել, իսկ իրավական հետևանքների տեսանկյունից որևէ գործիքակազմ չկա:

«Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգն այնպիսին էր, որ մինչև ապրիլի 9-ը գործում էր 2005 թ-ի տրամաբանությամբ ՍԴ նախագահի, դատավորների՝ այն ժամանակ անդամների, ընտրելու գործընթացը և հենց Սահմանդրությունն էլ սահուն կերպով ապահովել էր այդ հարմոնիկ անցումը դեպի 2015 թ Սահմանդրություն: Եվ հետաքրքիր է, որ ԵԽ առավել հեղինակավոր մարմինները՝ Վենետիկի հանձնաժողով, այլ մարմիններ, որևէ մտահոգություն չեն արտահայտել թե՛ ընտրելու, թե՛ դատական կազմի, թե՛ անձերի վերաբերյալ»,-նշեց Արամ Վարդևանյանը:

Արարատ Միրզոյանի հայտարարության մյուս շեշտադրումների պատասխանը՝ տեսանյութում.